Մերձավոր Արևելք

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ երկրին այլևս հարկավոր չէ ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը

2 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ երկրին այլևս հարկավոր չէ ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության կարիքն այլևս չկա, քանի որ հաջողվել է զգալիորեն առաջադիմել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա աս Սուդանին հայտարարել Bloomberg-ին տված հարցազրույցում: 

«Կոալիցիայի անհրաժեշտություն չկա: Մենք պատերազմներից անցել ենք կայունության: ԻՊ-ն իրականում արդեն սպառնալիք չի ներկայացնում», - ասել է նա:

Աս Սուդանին վստահություն է հայտնել, որ Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությունն անվտանգության ոլորտում կշարունակվի նաև զորքերի դուրսբերումից հետո։ Վարչապետը նշել է, որ պլանավորում է առաջիկայում հայտարարել, թե ինչ ժամկետներում ամերիկացի զինվորականները կհեռանան երկրից։

Իրաքի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ապրիլին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ինքն արդեն քննարկել է ԱՄՆ-ի զինծառայողների դուրսբերման հարցը: Այն ժամանակ երկու երկրների ղեկավարները «փոխըմբռնման են հասել զորքերի դուրսբերման հարցում»:

Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, ԱՄՆ-ի բազմաթիվ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Իրաքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման կապակցությամբ, քանի որ դա «կարող է ԻՊ-ին թույլ տալ վերախմբավորվել, իսկ հարևան Իրանին՝ ուժեղացնել ազդեցությունն Իրաքում»։

Օրեր առաջ Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ ալ Աբասին հայտարարել էր, որ ամերիկյան զորքերն Իրաքից դուրս կբերվեն մինչև 2026 թվականը։

Bloomberg-ի տվյալներով՝ Իրաքում գտնվում է շուրջ 2500 ամերիկացի զինծառայող։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում