Քաղաքականություն

Վարչապետն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բանակցային եղանակով վերադարձնելու հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Վարչապետն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բանակցային եղանակով վերադարձնելու հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ ստորագրված կանոնակարգի համատեքստում հնարավորություն է տեսնում բանակցային եղանակով վերադարձնելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ  Ադրբեջանի կողմից շահարկումներին, ըստ որի՝ իբր զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, ագրեսիվ նպատակներ ունի, ՀՀ վարչապետը նախ ընդգծեց , որ ՄԱԿ-ի կանոնադրությունը ինքնապաշտպանության համար յուրաքանչյուր երկրի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս։ 

«Ես կրկին ասում եմ, որ ՀՀ-ը ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ։ Այո, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք սահմանազատման գործընթացում բանակցային եղանակով կկարողանանք այդ տարածքները վերադարձնել»,-հավելեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում