Հայաստան

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

3 րոպեի ընթերցում

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս անգամ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության թիրախում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրն է։ 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրի վարչական շենքի տանիքին՝ խրախուսելու սահմանամերձ գոտիներում բնապահպանական և տնտեսական առումներով կայուն ապրելակերպը։

Արևային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի և բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես կրճատել համայնքային ծախսերը։ Սահմանամերձ նման բնակավայրերում կան բազմաթիվ համայնքային խնդիրներ, որոնց համար միշտ չէ, որ բավարար միջոցներ են հատկացվում: Այս ծրագրով Ucom-ն ու «Արևորդի» ՀԿ-ն սատարում են այդ խնդիրների լուծմանը։  

«Մենք շարունակում ենք մարզերում կայուն էներգիան հասանելի դարձնելու մեր առաքելությունը, և անչափ ուրախ ենք ընդլայնել մեր գործունեությունը Սյունիքի մարզում: Սահմանամերձ գոտիներն էլ ավելի խոցելի կարգավիճակում են, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը զգալիորեն կբարելավի Ճակատենի բնակիչների կյանքը՝ կօգնի գումար խնայել և բարելավել բնակավայրի կենսապայմանները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանի խոսքով՝ այս ծրագիրն իրենց համար ոչ միայն հնարավորություն է՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերին, այլև կարևոր քայլ է վերականգնվող էներգիայի և կայուն ապրելակերպի տարածման գործում:

«Արևային էներգիայի օգտագործումը նման բնակավայրերում մեծ նշանակություն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման նոր չափանիշների ստեղծմանը՝ նպաստելով համայնքների ինքնաբավությանը և կենսապայմանների բարելավմանը», - ասել է նա: 

«Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված այս նախաձեռնությունը բավականին էֆֆեկտիվ է: Ճակատեն սահմանամերձ բնակավայրում տեղադրվել է 10 կիլովատանոց արևային ֆոտովոլտային կայան, որը կծառայի Ճակատեն գյուղի բնակիչներին։ Գեներացված էներգիայի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն Ճակատեն գյուղի և այլ բնակավայրերի ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն նախաձեռնությունը իրականացնողներին, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի», - նշել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը:

Արևային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Արևային կայանների կիրառումը՝ որպես այլընտրանքային կայուն էներգիայի աղբյուր, այդքան էլ տարածված չէ սահմանամերձ բնակավայրերում, և ծրագիրը կլինի օրինակելի՝ հետագայում բնակավայրում տնտեսվարողների և բնակիչների արևային էներգիայի օգտագործմանն անցնելու համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում