Սփյուռք

Ամեն ինչից վեր դասում ենք Հայաստանի և հայության մեր ընդհանուր շահը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով. Մեկնարկեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը

7 րոպեի ընթերցում

Ամեն ինչից վեր դասում ենք Հայաստանի և հայության մեր ընդհանուր շահը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով. Մեկնարկեց  Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը կքննարկվեն միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում: Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը հյուրընկալել է սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի և հայության առջև ծառացած գոյաբանական խնդիրները հաղթահարված չեն, և մեր բազում վերքերը բուժման և խնամքի կարիք ունեն:  

«Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովից երկու տարի է անցել, երկու դժվարին և ճակատագրական տարիներ, որոնց ընթացքում ունեցել ենք ծանր կորուստներ, ինչպես նաև համեստ, բայց հուսադրող նվաճումներ:  Արցախահայության բռնի տեղահանությունը պետք է սթափվելու և զգաստության ազդանշան լինեն բոլոր իրապես հայրենասեր հայերի համար:  Միջազգային իրավունքի և դիվանագիտական համակարգի ակնհայտ քայքայման և առկա քաոսային պայմաններում մեր հարևանների ագրեսիվ նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ շատ լուրջ վտանգ են ներկայացնում մեր անվտանգությանը: Ունենք հարյուր հազարից ավել բռնի տեղահանված հայրենակիցներ որոնց կյանքը, չնայած պետության և մարդասիրական կազմակերպությունների հսկայական ջանքերի, բնականոն հուն վերադառնալուց շատ հեռու են»,- նշեց Սինանյանը:  

Նրա կարծիքով՝ տնտեսական զարգացումը, կրթական բարեփոխումները, անվտանգային համակարգի կայացումը, առողջապահության բարելավումը գերնպատակներ են, որոնց ուղղությամբ ունենք զգալի առաջխաղացում, սակայն որոնց հաջող ավարտին հասցնելը պահանջելու է հսկայական աշխատանք, ջանք և եռանդ:  

«Սփյուռքում ևս իրավիճակը մտահոգիչ է:  Ուծացման գործընթացը անզեն աչքով էլ տեսանելի է, և այն ինչ-որ չափով արագացել է 44-օրյա պատերազմին հետևած ընկճախտի և ապատիայի արդյունքում: Ցավոք, սփյուռքում էլ կան ուժեր, որոնք սվինnերով են ընդունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի վիճակը բարելավելու ցանկացած նախաձեռնություն և աշխատանք:  Այս ամենի հետ մեկտեղ, մի բան, որը ավելի մտահոգիչ և վտանգավոր է, Հայաստանն ու Սփյուռքը հաճախ շարունակում են իրար չհասկանալ, թերագնահատել, մեղադրել այս կամ այն անհաջողության համար։ Մի երևույթ, որը ոչ միայն հիմնված չէ սթափ և իրատեսական գնահատականների վրա, այլ նաև չի գոյացնում որևէ հավելյալ դրական արժեք կամ արդյունք»,- ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը:

Սինանյանը շեշտեց, որ կան նաև դրական զարգացումներ: Վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գրանցել է երկնիշ աճ: Բանակն ակտիվորեն վերազինվում և վերակազմավորվում է, իսկ մեր անվտանգային գործընկերների թիվը մեծանում է: Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ մեր սպառազինության կարիքները մի մասը հոգում ենք ներքին արտադրողները, և այս բնագավառում սփյուռքյան ներդրումները և մասնագիտական գիտելիքները մեծ դեր են խաղում:  

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի համոզմամբ՝ Հայաստանն ավելի քան երբևէ ակտիվ է դիվանագիտական դաշտում, օգտագործելով պետական համակարգի և քաղաքացիական հասարակության ողջ ռեսուրսը: Կրթական բարեփոխումները և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները մնում են կառավարության և վարչապետի ուշադրության կենտրոնում:  

«Սակայն խնդիրները շատ են, իսկ մեր հնարավորությունները՝ սահմանափակ: Այս ծանրագույն խնդիրների լուծման ողջ բեռը չի կարող ընկնել միայն հայաստանաբնակ հայության ուսերին:  Ձեզանից յուրաքանչյուրը այստեղ է ոչ թե որովհետև դուք պարզապես հայ եք, այլ որովհետև դուք ձեր գործունեությամբ պատասխանատվության բեռի ձեր մասն եք ստանձնել մեր պետության և մեր ազգի ապագայի համար: Մենք այստեղ հավաքվել ենք որովհետև բոլորս, անկախ մեր քաղաքական, սոցիալական համոզմունքներից, մեր ծննդյան վայրից, մեր խոսակցական լեզվից, նույնիսկ մեր դավանանքից, ամեն ինչից վեր ենք դասում մեր ընդհանուր շահը, այն է՝ Հայաստանի Հանրապետության և հայության շահը:  Եվ դա անում ենք գործով և ոչ միայն խոսքով»,- ասաց Սինանյանը։    

Նա տեղեկացրեց, որ հաջորդ երեք օրերի ընթացքում քննարկվելու են կարևոր խնդիրներ և դրանց համար փնտրվելու են լուծումներ: Ըստ նրա՝ անվտանգությունը (ամենալայն իմաստով), Հայաստանի կայուն զարգացումը և դրա մեջ Սփյուռքի ներգրավվածությունը, Սփյուռքի հզորացումը և հայրենադարձությունը այն ուղղություններ են, որոնք ամենակարևորն էին գագաթնաժողովի համար ձևավորված խորհրդատվական խմբերի համար: Օրակարգը ձևավորվել է միասին այն ակնկալիքով, որ հարցերն էլ լուծվելու են միասնաբար: 

«Ուրեմն, ի գործ:  Այսօր, երբ ընդունված է հայրենիքը սիրել հեռվից, վիրտուալ տարածքում կամ նման հայրենասիրությունը դրսևորել ֆեյսբուքյան քննադատությամբ՝ ուզում եմ մեջբերել ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի 1910 թվականի Սորբոնի համալսարանում արված մի ճառից, որը ձեր և մեր բոլորի մասին է:   «Կարևորը քննադատողը չէ, ոչ այն մարդը, որը մատնանշում է, թե ինչպես է ուժեղ մարդը սայթաքում, կամ ինչպես գործող մարդը կարող էր ինչ-որ բան ավելի լավ անել: Գովեստը այն մարդունն է, որը ասպարեզում է, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով և արյամբ, ով պայքարում է հերոսաբար, ով մեկը մյուսի հետևից սխալվում է և թերանում է, որովհետև չկա ջանք առանց սխալի և թերացման, բայց ով գիտի մեծ ոգևորություն, մեծ նվիրվածություն, ով ինքն իրեն սպառում է հանուն արժանի նպատակի, ով լավագույն դեպքում ի վերջո կվայելի հաղթանակ և մեծ նվաճում, կամ վատթարագույն դեպքում, եթե ձախողի, կձախողի համարձակորեն մարտնչելով, և երբևէ չի դասվի այն սառը և վախկոտ ոգիների շարքին, որոնք երբևէ չեն իմանալու ոչ պարտություն, ոչ էլ հաղթանակ»,- եզրափակեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում