Հայաստան

Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման շրջանակներում փոխարինվել է 17-րդ դարում գմբեթին տեղադրված խաչը

2 րոպեի ընթերցում

Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման շրջանակներում փոխարինվել է 17-րդ դարում գմբեթին տեղադրված խաչը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները տևել են ընդհանուր առմամբ 12 տարի, որն ընդգրկել է ուսումնասիրությունների, նախագծային և բուն շինարարական վերականգնողական աշխատանքների փուլերը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին ասաց վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսին։

«Իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ՝ սկսած հիմնատակերից, մինչև Մայր եկեղեցու գմբեթի խաչը։ Բնական է՝ պատերի վրա այլ աշխատանքներ են իրականացվել, հիմքերի մասում ու ծածկերին՝ այլ։ Մայր տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, լատունի բարակ թիթեղներից էր և գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել՝ արդեն գոյությունը չպաշտպանող վիճակում։ Կարող եք թանգարանում տեսնել պահպանվող խաչը, որն ապամոնտաժվել է առանց որևէ միջամտությամբ, և ինքներդ կհամոզվեք վիճակն ինչպիսինն է։ Մեր աշխատանքներն ավարտվել են նոր բրոնզաձույլ խաչով, որը չասեմ ճիշտ կրկնօրինակն է, բայց չափային և ոճային առումով կրկնում է ապամոնտաժված խաչը»,-մանրամասնեց վերականգնող ճարտարապետը։

Նրա խոսքով վերականգնող մասնագետների պակաս աշխատանքների ընթացքում չի զգացվել, ընդհակառակը Մայր տաճարի վերականգնումը հանրությանն ու համապատասխան մասնագիտական, իրավական շրջանակներին ներկայանալու յուրատեսակ հաշվետվություն կարող է հանդիսանալ առ այն, որ Հայաստանում այդ ոլորտում մեծ ներուժ կա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում