Եվրոպա

Կենտրոնական Եվրոպայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 8-ի

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական Եվրոպայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 8-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական Եվրոպայում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 8-ի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից Չեխիայում, որտեղ հորդառատ անձրևներից հետո մի շարք շրջաններում գետերը դուրս են եկել ափերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հորդառատ անձրևներ են տեղացել նաև Ավստրիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում։ Հեղեղումների պատճառով մեկ մարդ զոհվել է Լեհաստանում, մեկը՝ Ավստրիայում, ևս վեցը՝ Ռումինիայում։

Ըստ կանխատեսումների՝ սեպտեմբերի 16-ին անձրևները և ուժգին քամիները կշարունակվեն։

Հեղեղումների պատճառով սեպտեմբերի 14-ին և 15-ին հազարավոր տներ են վնասվել, կամուրջներ ավերվել, առնվազն 250 000 տուն, հիմնականում՝ Չեխիայում, մնացել է առանց էլեկտրականության։ 

Լեհաստանի պատմական Գլուխոլազի քաղաքում սեպտեմբերի 16-ին բնակչության տարհանում է հայտարարվել, փլուզվել է մեկ կամուրջ։ Եվս մեկ կամուրջ ոչնչացել է Ստրոնե Սլյոնսկե քաղաքում, որտեղ ամբարտակ է փլուզվել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ կառավարությունը կհայտարարի աղետի դրություն և Եվրամիության օգնությանը կդիմի։ 

Չեխիայում դեռ որոնում են երեք անհետ կորածների, որոնք գտնվում էին սեպտեմբերի 14-ին գետն ընկած մեքենայում։

Հունգարիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ մայրաքաղաք Բուդապեշտում Դանուբ գետի մակարդակը շաբաթվա երկրորդ կեսին կարող է բարձրանալ և հասնել ավելի քան 8,5 մետրի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում