Հայաստան

Այրվածքների դեպքերն ավելացել են. մասնագետները հորդորում են պահպանել անվտանգության կանոնները

4 րոպեի ընթերցում

Այրվածքների դեպքերն ավելացել են. մասնագետները հորդորում են պահպանել անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում կենցաղային պայմաններում գրանցված այրվածքների դեպքերն ավելացել են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ տարեցտարի նման դեպքերի թվի աճ է նկատվում։ 

«Մենք նույնիսկ ամիսների կտրվածքով ենք նման դեպքերի ավելացում նկատում։ Եթե վերջին ցուցանիշները համեմատենք տարիներ առաջ գրանցված տվյալների հետ, ապա կտեսնենք, որ գրեթե 30 տոկոսով աճ է գրանցվել։ Տարեկան կտրվածքով 600 դեպք է գրանցվում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Պատճառները տարբեր են՝ տաք ջրի միջոցով այրվածք, հոսանքահարություն, գազի պայթյուն և այլն։ Մասնագետը բուժառուների զրույցներից հանգել է այն եզրակացության, որ շատերը չեն պահպանում անվտանգության տարրական կանոնները։ 

«Օգոստոսին ունեցել ենք միանման 6 դեպք՝ ծանր ելքով։ Խոսքն ավտոմեքենայի գազի բալոնի պայթյունի մասին է։ Տուժածը վերակենդանացման բաժանմունքում պառկած պատմում է, որ մեքենան լիցքավորել է, եկել է բակ, կամ տեղափոխվելու ճանապարհին գազի հոտ է առել, որոշել է մի հատ ծխել, հետո հասկանալ ինչ անել։ Արդյունքում՝ տեղի է ունեցել պայթյուն։ Վստահեցնում եմ, այսպիսի պատմությունները շատ են»,-ասաց մասնագետը։ 

Քիչ չեն դեպքերը, երբ երեխաներն են տուժում։ Բուժառուների 35-40 տոկոսը երեխաներ են։ Հիմնական պատճառը հոսանքի լարերի հետ շփումն է, եռացող ջուրը։ Հատկապես երեխաների շրջանում այրվածքների դեպքերի աճ է նկատվում պահածոների պատրաստման սեզոնին։ Երբ երեխաները այդ եռացող կաթսաների մոտ են լինում ու անզգուշության հետևանքով այրվածքներ են ստանում։ Մասնագետն ընդգծում է, որ ծնողներն ուշադիր լինեն, երեխաների խաղալու վայրը երբեք չպետք է մոտ լինի կրակի աղբյուրին, եռացող հեղուկին։ 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ\ծ մայոր Արթուր Վարդանյանը, որն առանձնացրել էլ Հայաստանում գրանցած պայթյունների վիճակագրությունը, նշեց, որ այս տարի՝ օգոստոսի վերջի դրությամբ, արդեն 34 դեպք է գրանցվել, որից 29-ը՝ գազի պայթյուն է եղել։ Տուժել է 39 անձ, զոհվել է 9-ը։ 

«Համեմատության համար ասեմ, որ 2023 թվականին պայթյունների 42 դեպք է գրանցվել, որից 32-ը՝ գազով պայմանավորված։ Տուժածների թիվը եղել է 53, զոհերինը՝ 6։ Ինչպես տեսնում եք, այս տարին դեռ չի ավարտվել, բայց դեպքերի թվով արդեն մոտ ենք նախորդ ամբողջ տարվա ցուցանիշին, իսկ զոհերի թիվն ավելին է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության տարրական կանոնները պահպանված չեն։ Օրինակ, տներում գազի արտահոսքի սարքերն անջատած են, տնային պայմաններում գազի բալոնն օգտագործելու կանոնները չեն պահպանել։ Եղել են դեպքեր, որ այվող գազի բալոնը բարձր հարկի պատուհանից  դուրս են նետել»,-ասաց Արթուր Վարդանյանը։ 

Մասնագետներն ընդգծում են, որ խուճապը, վախը բերում է այլ հետևանքների։ Անհրաժեշտ է ուշադիր լինել, գազի արտահոսքի ժամանակ ռեֆլեքսորեն լույսը չմիացնել, տարածքի պատուհանները կամ դռները բացել, օդափոխել։ Եթե հոսանքով պայմանավորված հրդեհ է, ապա, անպայման, հնարավորության դեպքում հոսանքազրկել տարածքը, որևէ հագուստով, ծածկոցով կրակը փորձել հանգցնել, զանգել փրկարար ծառայություն։ 

Հովհաննես Հովհաննիսյանն էլ հորդորեց այրվածքների դեպքում տանն ինքնաբուժությամբ չզբաղվել, իրավիճակն ավելի չբարդացնել։ Արգելվում է որևէ տեսակի յուղեր, մածուն, ատամի մածուկ քսել այրված հատվածին։ Խորհուրդ է տրվում այդ հատվածը հագուստից ազատել, ծորակի ջրով լվանալ ու դիմել բժշկին։ Քիչ չեն դեպքերը, երբ բավական բարդացած վիճակում են դիմում մասնագետին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում