Մարզեր

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է ՀՖՖ ներկայացուցիչ, քաղաքային մարզադպրոցի մեթոդիստ Դավիթ Դավթյանին

4 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգևատրել է ՀՖՖ ներկայացուցիչ, քաղաքային մարզադպրոցի մեթոդիստ Դավիթ Դավթյանին

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը շնորհավորել է մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցի մեթոդիստ Դավիթ Դավթյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, նրան  հանձնել խորհրդանշական հուշանվեր և արժանացրել դրամական պարգևի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Դավիթ Դավթյանը նման ուշադրության արժանացել է Վարդենիսի մարզական կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի և նկատելի ձեռքբերումների համար։

«Դավիթ Դավթյանը ծնվել է 1954 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Վարդենիս քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1971-1973 թվականներին աշխատել է «Սևան» գյուղական կամավոր մարզական ընկերության Վարդենիսի շրջխորհրդում՝ որպես հրահանգիչ-մեթոդիստ։ 1973 թվականին ընդունվել և 1977 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկական դաստիարակության դասատուի որակավորում։ 1977-1982 թվականերին աշխատել է Վարդենիսի շրջժողկրթբաժնում որպես ֆիզկուլտուրայի մեթոդիստ, 1982-1989 թվականներին՝ Վարդենիսի N 1 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1989- 2017 թվականներին ղեկավարել է Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցը։ 1996-2004 թվականներին նշանակվել և համատեղության կարգով աշխատել է «Սևան» գյուղական մարզական ընկերության Վարդենիսի շրջանային խորհրդի նախագահ։ 1977 թվականից մինչև այժմ Դավիթ Դավթյանն ակտիվ գործունեություն է ծավալում Վարդենիսի տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման, մասսայականության ապահովման, բազմաբնույթ մարզական հանրապետական և միջազգային մրցումների, մասսայական միջոցառումների կազմակերպման գործընթացներում։ 

Դավիթ Դավթյանի գործուն հետևողականության շնորհիվ նկատելի հաջողություններ են ձեռք բերվել ֆուտբոլ մարզաձևի մասսայականացման, զարգացման, նրանում առավել մեծ թվով բնակչության լայն զանգված ներգրավելու ուղղությամբ։ Նրա ղեկավարած տարբեր տարիքային խմբերի թիմերը նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումները։ Սակայն նրա ամենամեծ ձեռքբերումն, իրավամբ, համարվում է Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի ստեղծումը և դրա համահիմնադիրը լինելու կարգավիճակում մատուցած ծառայությունը, երբ հովանավորների միջոցով զարկ տվեց Վարդենիսի տարածաշրջանում ֆուտբոլ մարզաձևի նոր վերածննդին՝ այդ նախագծում ընդգրկելով հարյուրավոր պատանիների ու աղջիկների։ Իրականացված մեծածավալ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակամիջոցում «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի մինչև 14 տարեկանների թիմերը Հայաստանի մանկապատանեկան առաջնության Բ խմբում նախ՝ 2019 և հետո 2024 թվականներին նվաճեցին չեմպիոնի կոչումները։ Ամենասպասվածն առաջին անգամ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի մեծահասակների թիմի Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբում հաջող նորամուտն էր 2023-2024 թվականների մրցաշրջանում։ 

Դավիթ Դավթյանը նաև ուսումնական մի շարք կարևոր նախաձեռնությունների հեղինակ է, որոնք ամրագրվել և ներառվել են հանրակրթական դպրոցներում կիրառվող ուսումնամեթոդական աշխատանքներում։ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Դավիթ Դավթյանին շնորհվել է ֆիզկուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատող» կոչումը։ Իսկ ուրախալին այն է, որ Դավիթ Դավթյանը շարունակում է իր նվիրական աշխատանքը նույն եռանդով ու նպատակասլացությամբ»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում