Իրավունք

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուփ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ՝ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով

3 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Սնուփ Դոգի չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ՝ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերից հետաձգված ու մինչ օրս  չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել՝ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նման որոշում է ընդունել սեպտեմբերի 3-ին կայացած նիստում։ 

Նիստի ընթացքում ներկայացվել  է ՄՊՀ համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնի` 2024 թ. օգոստոսի 29-ի զեկուցագիրը, որը վերաբերել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով 2023 թ. ստեղծված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրմանը:  

Որոշման մեջ նշվում է, որ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի: «Փաստացի առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավանորմից»,- ասված է որոշման մեջ։ 

Նշվում է նաև, որ օժանդակության տրամադրմամբ տնտեսվարող սուբյեկտի համար ստեղծվում են ակնհայտ տնտեսական առավելություններ։ «Մասնավորապես, տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ տնօրինում է միակ տնտեսվարող սուբյեկտը, որին վստահվել է միջոցառման իրականացումը։ Չկան հստակ մեխանիզմներ՝ կապված տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով»,- նշված է որոշման մեջ։ 

Մեկնաբանելով ՄՊՀ-ի որոշումը՝ կառույցի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության բոլոր գործերն ուղարկում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ գնահատման։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում