Հայաստան

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

6 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Ֆելիպե Պաույերիի այցը Հայաստան, կարևորել է Հայաստանի և Միավորված ազգերի կազմակերպության միջև բարեկամական հարաբերությունները: Նախարարն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը երիտասարդական քաղաքականություն իրականացնող միակ պետական մարմինն է, ինչը մեծ պատասխանատվություն է:

«Մեր երկրում առկա են քաղաքացիական հասարակության լայն սեկտոր և լավ փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն աշխատում են այս ոլորտում, բայց մեզ համար շատ կարևոր է նաև ունենալ քաղաքականություն, որը կծառայի այդ սեկտորի հետ կապերի ամրապնդմանը ու կնպաստի երիտասարդների կարողությունների հզորացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ պետական ֆինանսավորմամբ և ամենամյա պարբերականությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրային կյանքում և պետականաշինության գործընթացում երիտասարդության մասնակցության խրախուսմանը, նրանց իրավունքների իրացմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալականացման, ինքնիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ու մեխանիզմների խթանմանը։ 

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակմանը, որի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2023 թվականից: Նախարարի խոսքով՝ օրենքը սահմանելու է ՀՀ-ում երիտասարդության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները և նպատակները, կարգավորելու է երիտասարդների, երիտասարդ ընտանիքների, երիտասարդական աշխատողների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդական խորհրդատվական մարմինների և պետության փոխհարաբերությունները: Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ նախագծի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը հանրային քննարկումներ է իրականացրել ՀՀ բոլոր մարզերում, որի արդյունքում     նախագիծը լրամշակվել է և ներկայացվել Կառավարություն:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ՀՀ-ում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը: Նա ընդգծել է՝ նորաստեղծ կենտրոնները նպաստելու են մարզաբնակ  երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինքնադրսևորման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը։ Նա տեղեկացրել է՝ ՀՀ մարզերում արդեն իսկ բացված 4 կենտրոններից բացի 2024 թվականին ընթացքի մեջ է ևս չորս երիտասարդական կենտրոնների հիմնումը՝ Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզերում:

Նախարարը նաև ներկայացրել է ՀՀ-ում երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք, մասնավորապես, վերաբերում են երիտասարդների քաղաքացիական կրթության, մեդիագրագիտության և ֆինանսական գրագիտության, առաջին օգնության և առողջ ապրելակերպի, երիտասարդական աշխատանքի, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական ձեռներեցության, կամավորության խթանմանը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցության լայն շրջանակը: Նա տեղեկացրել է՝ Երիտասարդության հարցերով գրասենյակը ստեղծվել է 2022 թվականին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կողմից և նպատակ ունի առաջ մղել երիտասարդության իրավունքներն ու կարիքները գլոբալ մակարդակում, ինչպես նաև ուղղված է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։ 

Ֆելիպե Պաույերին ընդգծել է՝ գրասենյակը նաև խթանում է երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման, կայուն զարգացման ու խաղաղության հաստատման գործնթացներում, աջակցում է երիտասարդության սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների զարգացմանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով մեկտեղելու ջանքերը համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ամրապնդման հարցում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարը Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում հանդիպելու է երիտասարդական հասարակական կազմակերպությունների, երիտասարդական պետական կենտրոնների ներկայացուցիչների, երիտասարդ դիվանագետների հետ՝ քննարկելու երիտասարդների առաջխաղացման, ազգային և գլոբալ մակարդակներում որոշումների կայացման գործում նրանց ներգրավվածության հետ կապված հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում