Քաղաքականություն

Իրանի նախագահը Իրաք կատարած այցով վերահաստատում է սերտ համագործակցությունն ու «վերստուգում ժամացույցները». փորձագետ

7 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը Իրաք կատարած այցով վերահաստատում է սերտ համագործակցությունն ու «վերստուգում ժամացույցները». փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնական է, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցով ցանկանում է վերահաստատել շիադավան մեծամասնություն ունեցող հարևան երկրի՝ Իրաքի հետ սերտ համագործակցությունը և վերստին, ինչպես ասում են, «ստուգել ժամացույցները»։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քրդագետ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով այն իրողությանը, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարել է Իրաք։

«Իրաքի նշանակությունն Իրանի համար դժվար է գերագնահատել։ Բնականաբար, շիադավան մեծամասնություն ունեցող Իրաքը մտնում է իրանական շիադավան կիսալուսնի շրջանակի մեջ և հատկապես տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի պայմաններում անչափ կարևոր է, որ Իրանը վերահաստատի կապերը, սերտ համագործակցությունն Իրաքի հետ, առավել ևս, որ 2003 թվականից հետո, երբ տեղի ունեցավ վարչակարգի փոփոխություն, գնալով մեծացավ Իրանի ազդեցությունն Իրաքի վրա»,- ասաց Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ հարևան երկրի խորհրդարանում մշտապես գերիշխել են շիադավան կուսակցությունները։ Թեև նրանք երբեմն ունեցել են ներքին հակասություններ, բայցևայնպես, Իրանին հաջողվել է մշտապես որոշակի ազդեցություն ունենալ ոչ միայն Իրաքի ներքին, այլև արտաքին քաղաքականության վրա։ Շիադավան կուսակցություններն են հիմնական որոշումներ կայացնողները։ Նույնիսկ ազդեցությունների որոշակի դերաբաշխումն ըստ դավանանքի ու էթնիկ իրողությունների, որ տեղի ունեցավ Իրաքում, ընթացավ հօգուտ շիադավան կուսակցությունների։ 

«Իրանի ազդեցության լծակները, որոնք գոյություն ունեն իրաքյան համատեքստում, բավականին ամուր են։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո որոշ փորձագետներ նշում էին, որ, հավանաբար, տեղի կունենան փոփոխություններ և, իհարկե, եղավ անորոշության ժամանակահատված, բայց իրանական կողմի ազդեցության լծակները բավականին ուժեղ են, 2003 թվականից ի վեր փորձարկվել են տարբեր հանգամանքներում, հետևաբար, Իրանի ազդեցությունը կպահպանվի։ Նույնիսկ ժամանակին, երբ ամերիկացի փորձագետները քննարկում էին իրաքյան իրողությունները, նշում էին, որ վարչակարգի փոփոխությունից շահողների առաջին շարքում է հենց Իրանը, որն՝ ի դեմս հարևան երկրի, ձեռք բերեց ոչ միայն վստահելի գործընկեր, այլև իր արտաքին քաղաքական գործընթացները կողմնորոշող երկիր»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Մասուդ Փեզեշքիանն այցելել է նաև Իրաքյան Քուրդիստան, Պետրոսյանն ընդգծեց, որ Իրանի ազդեցության լծակները բազմաշերտ են՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, նաև հասարակական ընկալումների մակարդակում են, ընկալվում են նաև սրբավայրերի կոնտեքստում և տարածվում են նաև քրդական հատվածի վրա։ Պետրոսյանի կարծիքով՝ թեև կան ներքին խնդիրներ Քուրդիստանի ռեգիոնալ կառավարման Էրբիլ-Բաղդադ հարաբերություններում, այնուամենայնիվ, դրանց արբիտրը տևական ժամանակ եղել է առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետությունը։     

«Քրդական հատված կատարած այցն առնչվում է նաև այլ իրողությունների հետ։ Եթե Իրաքում, ընդհանուր առմամբ, փոփոխությունները կանխորոշում են շիադավան կուսակցությունները, այնուամենայնիվ, սուննի-շիա համատեքստում որոշ իրադարձությունների ժամանակ արդեն իսկ էական դերակատարում են ունենում նաև իրաքյան քրդերը, ուստի կողմերը հաճախ ձգտում են ստանալ քրդական կուսակցությունների աջակցությունը ներքաղաքական զարգացումներում կամ էլ ցանկանում են քրդական դիվանագիտությունը բերել համաիրաքյան տիրույթ։ Հայտնի է, որ Իրաքյան Քուրդիստանը բավականին սերտ հարաբերություններ ունի նաև Իսրայելի հետ, և այդ իրողությունը բավականին լուրջ քննարկվել է Իրաքի խորհրդարանում՝ թույլ չտալու, որ այդ հարաբերությունները ստանան պաշտոնական բնույթ՝ վերածվելով համաիրաքյան ֆենոմենի, ինչպես նաև տեղի չունենա Իրաք-Իսրայել հարաբերությունների նորմալացում»,- ասաց քրդագետը։ 

Նրա դիտարկմամբ՝ Իրան-Իսրայել հարաբերությունների ներկայիս լարվածության պայմաններում բնական է, որ իրանական կողմը ցանկանում ճշգրտել Իրաքյան Քուրդիստանի դիրքորոշումը, որը թեև 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո ապրեց որոշակի վայրիվերումների ժամանակաշրջան, բայցևայնպես պահպանել է իր ներուժն առնվազն ներիրաքյան համատեքստում լուրջ գործընթացներին նպաստելու կամ արգելակելու առումով։ Պետք է հաշվի առնել նաև, որ Իրաքյան Քուրդիստան-Իրան հարաբերությունները նույնպես դրվել են բավականին լուրջ հիմքերի վրա։ Թեհրանն այնտեղ իր շահերն առաջ է տանում գերազանցապես «Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցության միջոցով, սակայն քուրդ իսլամիստները նույնպես ունեն որոշակի պրոիրանական կողմնորոշում, հետևաբար Փեզեշքիանի սուբորդինացված այցը կտա բազմաթիվ հարցերի պատասխանները։ 

«Իրանի նախագահի այցը կարևորվում է ոչ միայն անվտանգության և կայունության գործոններով, այլև աղերսվում է Թուրքիա-Իրան հարաբերությունների հետ, որովհետև Անկարան լուրջ մրցակից է Թեհրանի համար հատկապես Իրաքում՝ ձգտելով ապահովել իր ազդեցությունը սուննի հատվածի վրա և հասնել առավելության Իրաքի հյուսիսում, որտեղ լավ հարաբերություններ ունի Իրաքյան Քուրդիստանի իշխող կուսակցության հետ։ Հաշվի առնելով տվյալ իրողությունները՝ Իրանն ի ցույց է դնում իր դրոշը, ձգտում է մնալ խաղի մեջ, մեծացնել իր ազդեցությունն ու նվազեցնել Թուրքիայի առավելություններն իրաքյան կոնտեքստում։ Չէի ասի, որ սա զրոյական խաղադրույքով խաղ է, որ ինչ ասում է Թուրքիան, նույնքան էլ կորուստ է ունենում Իրանը, բայց որ մրցակցությունը գնալով ուժգնանում է և տեկտոնիկ տեղաշարժերի հորձանուտում կարևորվում է ոչ միայն առանձին երկրների, այլ դրանցում առկա յուրաքանչյուր միավորի դիրքորոշումը, անվիճելի փաստ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում