Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ ռուսական կողմը գիշերը երկրի տարբեր շրջանների վրա է արձակել 69 անօդաչու թռչող սարք և հրթիռ։ Սումիի մարզում կա 14 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ Չեռնիգովի մարզի վրա հարձակում է իրականացվել երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով, որոնք արձակվել են Կուրսկի մարզից, ինչպես նաև «Խ-59/69» ավիացիոն հրթիռով, որն արձակվել է Բրյանսկի մարզից։  

Բացի այդ, Սև ծովի Զմեինի կղզու վրա է արձակվել երկու թևավոր հրթիռ։

Միևնույն ժամանակ Սումիի մարզային դատախազությունը հայտնել է, որ Կոնոտոպ քաղաքին ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 14 մարդ է վիրավորվել։ Ըստ դատախազության՝ լույս սեպտեմբերի 12-ի գիշերը հարձակման են ենթարկվել կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, վնասվել է յոթ բազմաբնակարան շենք, մեկ մասնավոր տուն, ինչպես նաև բժշկական և ուսումնական հաստատություններ։

Ըստ Կոնոտոպի քաղաքապետարանի՝ հարձակումից հետո քաղաքում էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքը լուրջ վնասներ է կրել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ամերիկյան արտադրության HIMARS ռեակտիվ համակարգի երկու արկ և 59 ԱԹՍ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում