Մշակույթ

Ավելի քան տասը թատերախումբ և բազմաժանր ներկայացումներ. մեկնարկում է «Թատերական Լոռի» 30-րդ փառատոնը

6 րոպեի ընթերցում

Ավելի քան տասը թատերախումբ և բազմաժանր ներկայացումներ. մեկնարկում է «Թատերական Լոռի» 30-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատերական Լոռի» փառատոնը տասը օր շարունակ տոն կնվիրի թատերարվեստի երկրպագուներին՝ մարզի տարբեր թատրոններում հյուրընկալելով 15 թատերախմբի Հայաստանից և արտերկրից։ Հանդիսատեսը կկարողանա վայելել դրամատիկ, կատակերգական և այլ ժանրի ներկայացումներ, նորովի բացահայտել թատրոն երևույթն ու հաղորդակցվել սիրելի արտիստների հետ։

 30-րդ փառատոնը, որ նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին, կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը Լոռու մարզի քաղաքներում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը հիշեցնում է՝ «Թատերական Լոռի»-ն հիսուն տարվա պատմություն ունի և Հայաստանի   ամենահին փառատոններից է։ «Գուցե մեր փառատոնից ավելի շքեղ փառատոններ կան, սակայն մեր փառատոնը երկար ճանապարհ է անցել»,-շեշտում է նա։

Փառատոնը Երևանից հյուրընկալելու է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին, Պատանի հանդիսատեսի թատրոնին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին, «Արմմոնո» թատերական նախագծին, Մետրո թատրոնին, Երևանի մնջախաղի պետական թատրոնին։ Մասնակցելու են նաև Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Վանաձորի տիկնիկային թատրոնը, Ալավերդու դրամատիկական թատրոնը։ Կլինեն հյուրեր արտերկրից՝ Լիպեցկի պետական տիկնիկային թատրոնը, Մոսկվայի հայկական թատրոնը, Եգիպտոսի ֆոլկլյորային խումբը, Դաղստանի պետական տիկնիկային թատրոնը։

«Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, հատուկ ուղղվածություն, ուստի հյուրընկալում ենք մանկապատանեկան, դրամատիկ, տիկնիկային, մենաներկայացումներ, կատակերգություններ և այլ ժանրի ներկայացումներ։ Նախորդ տարի նաև օպերային ներկայացում է ընդգրկված եղել ծրագրում»,-նշում է Պապինյանը։

Նրա խոսքով՝  տարիներ շարունակ հնարավոր ամեն բան արվում է մշակույթն ապակենտրոնացնելու համար, և մարզերում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, սակայն խնդիրներ դեռ կան. մշակույթը շարունակում է գերկենտրոնացված լինել մայրաքաղաքում։ «Մեր փառատոնը նպաստում է, որ թատրոնները դուրս գան Երևանից և իրենց լավագույն ներկայացումներն ամեն երկու տարին մեկ խաղան մեր մարզում։ «Թատերական Լոռի»-ն նախկինում անցկացվել է Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում, Սպիտակում, Տաշիրում, իսկ  այս տարի միայն Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում և Տաշիրում։ Կան քաղաքներ, որոնց թատրոններում նորոգման, վերակառուցման աշխատանքներ են ընթանում, ուստի ոչ բոլոր հարթակներում ենք ներկայանալու»,-ասում է Հրաչյա Պապինյանը։

«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անցկացվում է Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականից դարձել է մարզային և գնալով ընդլայնում է աշխարհագրությունը։

«Տասնհինգ կամ քսան տարի առաջ հանդիսատեսը կամ հայերեն կամ ռուսերեն ներկայացումներն էր դյուրին համարում, իսկ այժմ նաև անգլերեն ներկայացումներ կարող է դիտել։ Այլ մշակույթի կրողներին փառատոնին մասնակից դարձնելու նպատակով սկսեցինք համագործակցել «Русский мир» հիմնադրամի հետ և փառատոնի շրջանակում անցկացնում ենք «Ռուսական թատրոնի օրեր»։ Տարիներ առաջ մեզ միացան թատերախմբեր Սանկտ Պետերբուրգից և ՌԴ այլ քաղաքներից, ռուսալեզու ներկայացումներ Ֆրանսիայից, Լեհաստանից և այլ երկրներից»-նշում է փառատոնի տնօրենը։

Պապինյանը 1989 թվականից է փառատոնի կողքին և փաստում է՝ «Թատերական Լոռի»-ն ունի հավատարիմ հանդիսատես, սակայն մշտապես հնարավոր է նոր դեմքերի հանդիպել, բայցի այդ՝ սերնդափոխություն է լինում է։ «Տեսնում եմ մարդկանց, որոնք ներկայացումներ էին դիտում, երբ պատանի էին, իսկ այժմ փառատոնին են մասնակցում իրենց զավակների հետ։ Դա հատկապես Վանաձորում է ակնհայտ։ Ալավերդին ավելի փոքր է, ունի հավանաբար տասը հազար բնակիչ, և ոչ բոլորն են կարողանում թատրոն գալ, բայց դահլիճները միշտ լեփ-լեցուն են։ Պատահել է՝ ստիպված ենք եղել աթոռներ ավելացնել, պատահել է մարդիկ կանգնած են ներկայացում դիտել, իսկ ներկայացումներից հետո ճեմասրահներում եռուզեռ է տիրում, որովհետև հանդիսատեսը ողջագուրվում է արտիստների հետ, լուսանկարվում։ Փառատոնը մարզում իսկապես սիրված ու լավ իրադարձություն է»,-հավաստիացնում է նա։

Փառատոնին մասնակցում են նաև զբոսաշրջիկներ, մայրաքաղաքից մարզերում հանգստացող թատերասերներ, սակայն «Թատերական Լոռի» փառատոնի հիմնական նպատակը տեղի բնակիչներին Երևանում և այլ քաղաքներում թատերական իրադարձություններին ու ներկայացումներին ծանոթացնելն է։

Փառատոնին նաև վարպետության դասեր են անցկացվում, կազմակերպվում են դերասանների, ռեժիսորների հետ հանդիպումներ դպրոցներում, այլ կրթական հաստատություններում։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում