Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը վստահելի ուղեկից կդառնա պոտենցիալ ներդրողների համար. Գևորգ Պապոյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը վստահելի ուղեկից կդառնա պոտենցիալ ներդրողների համար. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը վստահելի ուղեկից կդառնա պոտենցիալ ներդրողների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ուղեցույցի շնորհանդեսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նա նշեց, որ Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը ուղղված է զբոսաշրջության և տնտեսության հարակից ոլորտներում ներդրումային դաշտի, իրավական կարգավորումների, վերջին տարիներին գրանցված զարգացումների և ձեռքբերումների, ներդրումային ծրագրերի ու հնարավորությունների, զբոսաշրջային ներուժի, թիրախային ուղղությունների և այլ առնչվող հարցերի ներկայացմանը։

Պապոյանն ընդգծեց՝ այսօր ուղեցույցն առավել քան արդիական է, քանի որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է կարգավորել քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտերին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված հարցերը:  

«Միաժամանակ, վերջնականացման փուլում է գտնվում նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որով հստակ սահմանվում են առաջիկա տարիների տեսլականն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ առաջնահերթ զարգացման ենթակա և ներդրումներ պահանջող ոլորտների նախանշմամբ։ Եվ այսօր Զբոսաշրջային ներդրումային ուղեցույցը ևս համալրում է այս ցանկը»,-նշեց Պապոյանը:

Նա վստահեցրեց՝ այն վստահելի ուղեկից կդառնա պոտենցիալ ներդրողների համար՝ միաժամանակ նպաստելով ինչպես մեր երկրի՝ միջազգային կապիտալի համար գրավիչ և զբոսաշրջային ներդրումների համար հեռանկարային ուղղության դիրքավորմանը, այնպես էլ մեր բազմաթիվ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի ի կատար ածմանը։

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին ընդգծելով ոլորտի կարևորությունը Հայաստանի համար, նշեց, որ երկիրը դեռ շատ անելիքներ ունի: Նրա խոսքով՝ Հայաստանում շատ են ներդրումները և վստահ է, որ առաջիկայում ուղեցուցի շնորհիվ դրանք էլ ավելի կշատանան: 

«Սա արդեն երկրորդ ներդրումային ուղեցույցն է Եվրոպայում, մենք նման ուղեցույցներ պատրաստում ենք զարգացող երկրների համար, որոնք օտարերկրյա ներդրողների կարիք ունեն: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում հասկացա, թե ինչպես է նա երկրում սատարում զբոսաշրջության ոլորտին, նրա ներկայությունը ազդակ է ցանկացած ներդրողի համար այն իմաստով, որ յուրաքանչյուրը, ով կցանկանա Հայաստանում ներդրումներ իրականացնել, կստանա պետության ղեկավարի անմիջական աջակցությունը»,-նշեց Պոլոլիկաշվիլին: 

Ուղեցույցը մշակվել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցությամբ:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում