Մշակույթ

Վանաձորի թատրոնը նոր թատերաշրջանը կնվիրի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի հոբելյանին

2 րոպեի ընթերցում

Վանաձորի թատրոնը նոր թատերաշրջանը կնվիրի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 93-րդ նոր թատերաշրջանի մեկնարկը կտա սեպտեմբերի 13-ին։ Թատերաշրջանը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերաշրջանը կմեկնարկի Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն էր։

Թատերաշրջանի առաջին պրեմիերան սեպտեմբերի 25-ին է։ Բեմ կբարձրանա Եվգենի Շվարցի «Վիշապը» քաղաքական սատիրան, բեմադրությունը` Ինգա Շահբազյանի, բեմանկարչությունը և զգեստների ձևավորումը՝ Քրիստինե Վարդանյանի, լուսային ձևավորումը՝ Աշոտ Գևորգյանի, երաժշտությունը՝ Դավիթ Դավթյանի, երգը՝ «Բամբիռ» ռոք խմբի։

Դերերում` Արման Կոլոսով, Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Արման Մաթևոսյան, Համլետ Գյուլզադյան, Էդգար Բարսեղյան, Արթուր Պապիկյան, Մարինե Պետրոսյան, Անի Աբրահամյան, Արփինե Հակոբյան, Վահե Սիմոնյան, Սարգիս Ալեքյան, Վազգեն Բադալյան։ 

Ներկայացման հիմքում Վիշապի մասին հեքիաթային պատմությունն է, որը հորինել ժողովուրդը։ Ըստ պատմության՝ վիշապին հաղթելն անհնար է, որովհետև հաղթողն ինքը վիշապ է դառնում, և միայն մաքուր սրտով մարդն է կարող սպանել վիշապին։ Այստեղ հերոսներին ազատություն բնավ պետք չէ։ Նրանք ուզում են ստրուկ լինել, միայն թե տերը նրանց հետ կոպիտ չվարվի։ Մարդուն ազատ դարձնելու համար վիշապին սպանելը բավարար չէ։ 

Մինչև տարեվերջ թատրոնը նախատեսում է հյուրախաղեր Երևանում և Թբիլիսիում։ Սկսված են նոր ներկայացման փորձերը։ Այն հեքիաթ է մեծահասակների համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում