Մշակույթ

Երևանում մեկնարկել է հայ-հնդկական մշակութային երկօրյա համաժողովը

9 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է հայ-հնդկական մշակութային երկօրյա համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ընթանում է «Հնդկաստանը Հայաստանում և Հայաստանը Հնդկաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որի ընթացքում քննարկվում են երկու երկրների պատմամշակութային հարաբերություններն ու արվեստի բնագավառում առկա հարուստ ժառանգությունը, որը հիմնված է ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն իր ելույթում նշեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ հայկական կողմը Հնդկաստանին համարում է գործընկեր պետություն, որի հետ ունի քաղաքակրթական կապեր և ավանդական չորսհարյուրամյա վաղեմության բարեկամական հարաբերություններ, և պատահական չէ, որ Հնդկաստանն էլ իր հերթին Հայաստանը դիտարկում է որպես «Ընդլայնված հարևանության» հայեցակարգի մի մաս։ 

«Հայերն ու հնդիկները հարաբերվել են իրենց ազգային պետությունների հիմնադրումից շատ առաջ։ Գաղտնիք չէ, որ հայերի թվաքանակն ամբողջ աշխարհում 10 միլիոն է, որից վեց միլիոնը սփռված է մոլորակի տարբեր հատվածներում՝ ձևավորելով հսկայական հայկական սփյուռքը։ Շատ հայկական համայնքներ, որոնցից մեկն էլ  Հնդկաստանի կենսունակ հայ գաղթօջախն է, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ, իսկ որոշներն էլ ձևավորվել են Հայոց Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների միջոցով։ Այդ մարդիկ ապրում են տարբեր մշակույթներ և կրոններ ունեցող երկրներում, որտեղ ոչ միայն ապաստանել են ու արժանացել հոգատար վերաբերմունքի, այլև ստացել են ազգային ինքնության դրսևորման և պահպանման, սեփական համայնքներ ձևավորելու, իրենց կրոնը դավանելու և քաղաքական ու մշակութային կյանքը կազմակերպելու հնարավորություն։ Միևնույն ժամանակ, նրանք ակտիվորեն ընդգրկվել են իրենց համար հարազատ դարձած երկրների հասարակական կյանքում և իրենց ներդրումն են ունեցել այդ երկրների մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում»,- նշեց Կարապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հնդկաստանի երբեմնի բարգավաճ հայ համայնքը, որը տարբեր ձևերով աջակցել է և՛ Հնդկաստանին, և՛ Հայաստանին, բացառիկ նշանակություն ունի ինչպես գիտաքաղաքական, այնպես էլ պատմամշակութային տեսանկյունից: Նա հույս հայտնեց, որ երկօրյա համաժողովը հետազոտողների համար կլինի կարևոր հարթակ՝ քննարկելու երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու պատկերացում կազմելու համայնքի ձևավորման ու պետականաշինության գործընթացների մասին։  

«Դեռևս վաղ շրջանում, երբ արևմտյան աշխարհը բախվում էր տարբեր սոցիալ-տնտեսական և քաղաքական մարտահրավերների, հայ վաճառականները Հնդկաստանում ակտիվորեն գործում էին ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ձևավորելով ոչ միայն հաղորդակցության ավանդական ուղիներն ու ցանցերն ամբոդջ աշխարհում, այլև զարգացնելով նոր գաղափարներ «ազգ» և «համայնք» եզրույթների վերաբերյալ։ Զարմանալի չէ, որ Սահմանադրության և սահմանադրականության գաղափարները երկու ժողովուրդների բազմադարյա բարիդրացիական հարաբերություններում առկա արմատներն են։ Հայ իրականության մեջ առաջին Սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը», գրվել է հենց Հնդկաստանում 1773 թվականին։ Հայ քահանայի ջանքերով Մադրասում լույս է տեսել նաև առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»։ Պատմաբանների հավաստմամբ՝ այդ երկու արժեքները Հնդկաստանի և Հայաստանի միջև դարձան «լուսավորչական գաղափարների բացառիկ խողովակաշար»»,- նշեց ԱԳՆ գլխավոր քարտուղարը։

Կարապետյանի խոսքով՝ հայ վաճառականներն իրենց գործունեությամբ ցույց են տալիս, թե ինչ նշանակություն ունի կենսափորձն ազգային ինքնության հայեցակարգի և ազգային գիտակցության զարգացման դժվարին ժամանակներում: Այդ մարդկանց կենսափորձը ոչ միայն վկայում է նրանց համար հարազատ դարձած երկրում հարմարվելու կարողությունը, այլև ի ցույց է դնում նրանց վերաբերմունքը շատ ընդհանրություններ ունեցող հնդկական մշակույթի և արվեստի նկատմամբ:  Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ Հնդկաստանն այնպիսի քաղաքակրթություն ունեցող երկիր է, որի նկատմամբ հայերը միշտ ցուցաբերել են մշակութային մեծ հետաքրքրություն և ջերմ զգացմունքներ՝ ստեղծելով սերտ կապեր։

«Անշուշտ, պետք է ասել, որ մշակութային ժառանգության պահպանումն իր բոլոր առումներով և ձևերով, ինչպես նաև մշակութային բազմազանության պաշտպանությունը խրախուսում է բազմակարծությունը և մշակույթների երկխոսությունը երկրների ու մարդկանց միջև։ Այդ առումով Կալկաթայի հայկական քոլեջը և բարեգործական ակադեմիան, եկեղեցիները, Հնդկաստանի տարբեր հատվածներում գտնվող գերեզմանատները վկայում են ոչ միայն այդ երկրում երբեմնի ծաղկող և կենսունակ հայկական համայնքների գոյության, այլև նրանց լավ պահպանված վիճակի և Հնդկաստանի կառավարության անմիջական պաշտպանության ներքո գտնվելու մասին, և այդ փաստն ի ցուց է դնում հայերի և հնդիկների միջև առկա խորին հարգանքն ու հարազատությունը։ Երկու ժողովուրդներն ունեն հարուստ մշակույթ և այդ բնագավառում սերտ համագործակցությունը նպաստում է յուրաքանչյուրի մշակույթի հարստացմանը, ընդհանուր նոր արժեքների ստեղծմանը:  Սա նաև վկայում է պատմական և մշակութային հուշարձանների ողջ զինանոցի, ընդհանուր արժեքների հանդեպ երկու երկրների հասարակական հատվածների հոգատար վերաբերմունքի և այդ արժեքները գալիք սերունդների համար պահպանելու անհրաժեշտության մասին»,- նշեց Կարապետյանը։

Դիվանագետը վկայակոչեց հայ անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից Աջանտայի որմնանկարների անհավանական բնօրինակ վերարտադրությունները, ով հնդկական մշակույթի հանդեպ իր մեծ սիրով և իր գործի հանդեպ նվիրվածությամբ հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից աշխարհի համար հին հնդկական արվեստը վերագտնելու և այն ապագայի համար պահպանելու գործում։ Ներկայում հայտնի նկարչի աշխատանքները ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում և ցույց են տալիս երկու ժողովուրդների միջև առկա դարավոր մշակութային և հոգևոր կապերը։ 

Հաշվի առնելով, որ Աջանտայի քարաձավներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցուցակում, այդ կազմակերպությունում Հայաստանի ազգային կոմիտեն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ հրապարակել է հոդված՝ «Արվեստ, որը վերականգնում է ընկերությունը» խորագրով։ Այն տպագրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի ժառանգությունը» ամսագրի հուլիսյան համարում և նվիրված էր Հնդկաստանին, որն իր հերթին հյուրընկալեց Աշխարհի Ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանը։ Հայկական կողմն իր հերթին կազմակերպեց ցուցահանդես նույն թեմայով, որն ունեցավ մեծ հաջողություն։ Այսօր ցանկացողները կարող են տեսնել «Կրկին այցելելով Աջանտա» ժողովածուն, որը հրատարակվել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ 

«Ակնհայտ է, որ երկու եղբայրական ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունները ճանապարհ են հարթել նաև համատեղ քաղաքական օրակարգի զարգացման համար։ Ինստիտուցիոնալ մակարդակում փոխադարձ աջակցությունն ու ավանդական ջերմ կապերը շարունակաբար ամրապնդվել են անցած 30 տարիների ընթացքում։ Հատկապես վերջին երեք տարիներն աչքի են ընկել հարաբերությունների ահռելի աճի միտումով, հատկապես երբ խոսում ենք քաղաքական երկխոսության մասին։ Հայաստանը Հնդկաստանին վերաբերվում է որպես մերձավոր գործընկերոջ, որի հետ երկարատև հեռանկարում փոխադարձ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքականության գերակայություններից է»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։ 

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում