Հայաստան

Երևանում քննարկում է կայացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարման գնահատման թեմայով

4 րոպեի ընթերցում

Երևանում քննարկում է կայացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարման գնահատման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Կարեն Գիլոյանն ընդունել են Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալին: Նա Հայաստան է ժամանել՝ գնահատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարումը, ինչպես նաև ՀՀ-ում միջգերատեսչական համագործակցության ուժեղացմանը միտված ծրագրի իրականացման արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հանդիպումներին ներկա է եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակում Հայաստանի հակադոպինգային գործակալությունը պատրաստել և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի փորձաքննությանն է ներկայացրել 40 րոպե տևողությամբ կրթական ֆիլմ՝ նվիրված դոպինգի պատմությանն ու արգելված նյութերի վնասակար հատկություններին:  Ուսումնական նյութը ցուցադրվել է Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին,  թեմայի շրջանակում կազմակերպվել է հարցուպատասխան: Ուսումնական տարվա ընթացքում իրազեկման բարձրացման նպատակով աշխատանքներ կիրականացվեն նաև հանրակրթական այլ դպրոցներում, ինչպես նաև մարզադպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, կարևորել է հակադոպինգային կրթությունը և այս ուղղությամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ փոխանակման ծրագրերի իրականացումը: Պատրիկ Տրաբալը ներկայացրել է նաև Փարիզի Նանտեր համալսարանում հակադոպինգային կրթության և համապատասխան մասնագետների պատրաստմանն ուղղված մագիստրոսական տարբեր ծրագրերը՝ առաջարկելով դրանցում դիտարկել հայ ուսանողների ներգրավվածության հնարավորությունը:

Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի խոսքով՝ համագործակցության մյուս կարևոր ուղղություններից է զարգացնել ազգային հակադոպինգային ծրագիրը մինչև 2027 թվականը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերը պատշաճ սպասարկելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարմանը և  ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մաքուր սպորտի կողմնակից է: 

«Իրավիճակը կանխատեսելի և վերահսկելի է: Մտադիր ենք ավելացնել բյուջեն՝ դոպինգ թեստերի քանակն ավելացնելու և տեղական հաճախակի ստուգումներով վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որոնց շրջանակում ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:

Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունը՝ փաստելով, որ հայ մարզիկների մոտ վերջին տարիներին դոպինգի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:  

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում