Իրավունք

Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը

3 րոպեի ընթերցում

Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազը սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն՝

  • 2022 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, այցելել է Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ջամշլու և Ավշեն բնակավայրեր, տեղի բնակիչներին ներկայացել որպես գյուղատնտեսական ապրանքների մթերումով զբաղվող անձ: Գյուղմթերք, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ գնելու, գումարը մի քանի օրից վճարելու կեղծ խոստումով վերոնշյալ բնակավայրերի 20 բնակիչների հետ կնքել է առուվաճառքի կամ փոխառության պայմանագրեր՝ խարդախությամբ հափշտակելով 21 մլն 782 հազար դրամի գյուղմթերք, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ:
  • 2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում այցելել է Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող, Հ.Մ.-ին պատկանող չրերի արտադրամաս և ներկայացել որպես անհատ ձեռնարկատեր: Գումարը մի քանի օրից վճարելու կեղծ խոստումով Հ.Մ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ խաբեությամբ հափշտակելով 1 մլն 497 հազար դրամ արժողությամբ 416 կգ չիր:
  • Նույն եղանակով Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչից խաբեությամբ հափշտակել է 127 հազար դրամ արժողությամբ 66 կգ ընկույզ:
  • 2023 թվականի սեպտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի 3 բնակիչներից խարդախությամբ հափշտակել է 4 մլն 725 հազար դրամի մանր ու խոշոր եղջերավոր անասուններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատախազը օգոստոսի 5-ին Հ.Թ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ՝ (խոշոր չափերով խարդախություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն)):

Նշվում է, որ Հ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում