Եվրոպա

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

2 րոպեի ընթերցում

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Apple ընկերությունը պետք է Իռլանդիային վերադարձնի 13 միլիարդ եվրո հարկերի տեսքով՝ հարկային ոլորտում եվրոպական կանոնակարգերը խախտելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNBC-ն հաղորդում է, որ նման որոշում է կայացրել Լյուքսեմբուրգում գործող Եվրոպական միության արդարադատության դատարանը։

Եվրոպական հանձնաժողովը դեռ 2016 թվականին Apple-ին կարգադրել էր 13 միլիոն եվրոյի չափով հարկեր վճարել Իռլանդիային՝ նշելով, որ iPhone արտադրող ընկերությունը օգուտ է քաղել Իռլանդիայում հարկերի հետ կապված երկու որոշումներից, որոնք արհեստականորեն նվազեցրել են Apple-ի հարկային բեռը: 2003-2014 թվականներին ընկերությունը հնարավորություն է ստացել իր եվրոպական բիզնեսից եկամտահարկ վճարել 0,005 տոկոսից մինչև 1 տոկոսի չափով՝ Իռլանդիայում գործող 12,5 տոկոսի փոխարեն։ 

2019  թվականին Apple-ը և Իռլանդիան բողոքարկել էին Եվրահանձնաժողովի որոշումը։ 2020 թվականին Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը չեղարկել էր Եվրահանձնաժողովի որոշումը՝ համարելով, որ ապացուցված չէ, որ Իռլանդիան հարկային արտոնություններ է տվել Apple-ին։ Եվրահանձնաժողովը բողոքարկել է դատարանի որոշումը, որից հետո դատավարությունը փոխանցվել է Եվրոպական միության արդարադատության դատարանին։

Ի դեպ, դատարանի որոշման հրապարակումից առաջ Apple-ը ներկայացրել էր iPhone 16 հեռախոսի նոր մոդելները, Apple Watch Series 10 և Apple Watch Ultra 2 էլեկտրոնային ժամացույցները և Airpods 4 ականջակալները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում