Քաղաքականություն

Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ մեկը հիմք չունի Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ մեղադրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը փաստում է. «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ինչպես տեսնում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես այդ փաստաթուղթը ստորագրեցինք, ոչ միայն այդ պահին Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվել է»,- մանրամասնեց Փաշինյանը:  

Վարչապետը մեջբերեց նաև եռակողմ հայտարարության ութերորդ կետը, որում ասում է. «Իրականացվում են ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: 

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ մինչ օրս Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ և այլ պահվող անձինք, որոնք մինչ օրս չեն վերադարձվել: «Սա դրույթ է, որը նույնպես կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և որն, ինչպես տեսնում եք, չի կատարվել: Որևէ գործընկեր հիմք չունի Հայաստանին մեղադրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  որևէ դրույթ չիրականացնելու մեջ: Ինչպես տեսնում եք, Հայաստանն ու միջազգային ցանկացած անկախ և օբյեկտիվ դիտորդ ունի հիմքեր՝ ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները առնվազն ամբողջությամբ չեն իրականացրել իրենց պարտավորությունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում