Տնտեսություն

Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է

10 րոպեի ընթերցում

Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը անհպում QR վճարումների ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իդրամից, մեր երկրում QR վճարումները ներդրվել են դեռևս 2016 թվականին: QR վճարումների ներկայիս իրավիճակի և ոլորտի հետագա զարգացման մասին է հարցազրույցն Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի հետ։ 

-  Իդրամ ընկերությունը Հայաստանում QR վճարումների ներդրման առաջամարտիկն է։ 2016-ից մինչև հիմա, ընդամենը մի քանի տարում վճարումների այս եղանակը շեշտակի աճ է գրանցել ու շարունակում է գնալով ավելի մասսայական բնույթ ստանալ։ Ինչն է դրդում մարդկանց վճարել QR-ով։ 

- Չնայած առաջին QR-վճարումները կատարվել են 2016-ին, Իդրամը սկսել է ակտիվորեն զարգացնել QR-ենթակառուցվածքը 2019-ից, և ընդամենը 5 տարում այսօր արդեն ունենք աննախադեպ արդյունք։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց անկանխիկ վճարումները կատարում են Իդրամ QR-ի միջոցով, ՀՀ տարածքում ավելի քան 22,000 վաճառակետերում կարելի է վճարել Իդրամ QR-ով, ընդ որում այդ բոլոր վաճառակետերում հասանելի է IDBank-ի հետ ստեղծված առաջին BNPL-ը (գնիր հիմա, վճարիր հետո)՝ Rocket Line թվային ապառիկը, որից 10,000 կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը 1-12 ամիս անտոկոս վճարման ճկուն գրաֆիկով։ 

Եթե վիճակագրության թվերով խոսենք, ապա միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ Իդրամի 200.000 օգտատեր, իսկ գործարքների քանակը շուրջ 4 մլն է։ 

Այս թվերը խոսում են այն մասին, որ QR վճարումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում, իսկ վաճառակետերը շահագրգռված են ունենալ QR վճարում ընդունելու հնարավորություն, քանի որ դա ոչ միայն հարմարավետություն է տալիս իրենց գնորդին, այլ նաև ժամանակակից գործիքների, այդ թվում` Rocket Line-ի շնորհիվ նպաստում է վաճառքների աճին։

- Այսօր ավելի ու ավելի հաճախ ենք լսում «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունը․ նկատի ունեք՝ թե՞ օգտատերերի, թե՞ վաճառակետերի համար։ 

- Իդրամը բոլորի համար է արտահայտությունը մի քանի ասպեկտով կարելի է դիտարկել, օրինակ՝ ըստ տարիքի։ Ընդհանրապես՝ Իդրամը նախատեսված է չափահաս քաղաքացիների համար, բայց արդեն երկու տարի է, ինչ գործարկել ենք Idram Junior-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար ու շարունակում ենք զարգացնել այն՝ նպաստելու համար երեխաների ֆինանսական կրթությանը։ Վերջերս, օրինակ, Idram Junior-ում Կորիզ կրթական մրցույթի հետ համատեղ գործարկել ենք Junius խաղը։ Երեխաները խաղում են և գիտելիքներ ձեռք բերում ֆինանսների և տեղեկատվական անվտանգության մասին։ 

Ստացվում է, որ անկախ տարիքից, այո՛, Իդրամ կարող են օգտագործել բոլորը, և՛ չափահաս մարդիկ, և՛ անչափահասները։ 

Եթե դիտարկենք գնումների և վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում և խանութներում առցանց վճարման հնարավորություն, ինչպես արդեն նշեցի՝ նաև 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։ 

Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին և խանութներին Իդրամը տրամադրում է վճարային և լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային և թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտեր վաճառել և դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ և՛ լոյալության միավորները, և՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում և օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Եթե ընդհանրացնենք, ապա այստեղ ևս Իդրամը բոլորի համար է, այսինքն՝ բոլոր հնարավոր հարթակներում գնումներ և վճարումներ անողների համար։ 

Բայց մենք չենք սահմանափակվում արդեն իսկ ստեղծված և իր գործունակությունն ապացուցած համակարգով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն և արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ։ Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որևէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում և իմաստավորվում։

- Նշանակո՞ւմ է արդյոք, որ, օրինակ, բանկերից մեկի հաճախորդը իր բանկի հավելվածով կկարողանա վճարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը։ Եթե այո, ապա ո՞րն է նպատակը, ի՞նչ է տալիս դա հաճախորդներին և ի՞նչ է տալիս Ձեր գործընկեր ֆինանսական կազմակերպություններին։ 

- Ինչպես արդեն նշեցի, այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք կինտեգրվեն մեր համակարգին, իրենց հաճախորդներին հնարավորություն կտան վաճառակետերում կատարել վճարում հենց իրենց բջջային հավելվածներով՝ սքանավորելով Իդրամի QR-ը։ 

Եկեք դիտարկենք այս հնարավորությունը թե՛ հաճախորդների, թե՛ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից; 

Հաճախորդը ստանում է հնարավորություն վճարելու ավելի քան 22,000 վաճառակետերում՝ առանց լրացուցիչ հավելվածի ներբեռնման, այսինքն` հաճախորդը շարունակում է օգտվել իր բանկի մոբայլ բանկինգից և վճարման ժամանակ որպես վճարման աղբյուր կարողանում է ընտրել տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշիվներից ցանկացածը, ինչը հնարավորություն է ընձեռում թե՛ տվյալ բանկին, թե՛ բանկի հաճախորդներին ունենալ ևս մեկ անկախ վճարային գործիք առօրյա անկանխիկ վճարումներ կատարելու համար։ 

Նշեմ, որ մենք տեխնիկապես լիովին պատրաստ ենք սկսել համագործակցությունը․ մի քանի ֆինանսական կազմակերպություն արդեն իսկ միացել է մեզ, ինտեգրվել են և թեստավորման փուլում ենք,  մի քանիսի հետ հարաբերությունները պայմանագրային փուլում են, մյուսները՝ բանակցային։ Այսինքն` շատ շուտով մի քանի ֆինանսական գործընկերների հետ ծառայությունը կգործարկենք իրական միջավայրում և կսպասենք նոր գործընկերների, որովհետև, այո՛, Իդրամը բոլորի համար է (խմբ․ ժպտում է)։

- Արդյոք կա՞ նման մոտեցում համաշխարհային պրակտիկայում, և ինչպես է նախագիծն իրագործվելու տեխնիկական տեսանկյունից։ Առաջին հայացքից բավականին բարդ նախագիծ է թվում։

- Հավանաբար, տեղյակ եք՝ հատկապես Հնդկաստանում, Չինաստանում և Բրազիլիայում շատ արագ տեմպերով զարգանում են QR վճարումները, յուրաքանչյուր երկրի ներսում արդեն ձևավորված և ներդրված է ընդհանուր կամ փոխգործելի QR ենթակառուցվածք, այսինքն՝ երկրի ներսում կամ մեկ, կամ մի քանի հիմնական համակարգերի կողմից ներդրվել է ընդհանրական QR-ով վճարումների ստանդարտ և ամբողջ շուկան արդեն օգտվում է այդ ներքին ստանդարտներից։ Եթե վերցնենք Հնդկաստանի օրինակը, ապա այնտեղ ներդրված է UPI (Unified payment interface) ստանդարտը և հնդկական 65 տարբեր բանկեր և ֆինտեխ ընկերությունների բջջային հավելվածներ աշխատում են նույն ստանդարտով, Չինաստանում երկու տեխնոլոգիական հսկաներ WeChat-ը և AliPay ձևավորել են իրենց ստանդարտը և ամբողջ Չինաստանի ֆինտեխ համակարգը աշխատում է այդ ստանդարտով, Բրազիլիայում QR-ով վճարումների ստանդարտը ներդրվել է Pix-ի կողմից, որին միացել են բրազիլական շուկայի մասնակիցները։ Տեխնիկապես այս ամենը իրականացնելը շատ բարդ չէ, հատկապես դրա փորձը ունեցող մասնակիցների համար, սակայն ամենամեծ մարտահրավերը և հիմնական դժվարությունը բոլոր մասնակիցների մեջ ընդհանուր սկզբունքների, մոտեցման և ստանդարտի ներդրման պատրաստակամության հարցն է։ 

Վերադառնալով մեր նախագծին՝ ապա մենք նույնպես տարբեր ֆորմատներով և հարթակներում անցել ենք երկար քննարկումների և բանակցությունների բարդ փուլերով շուկայի մասնակիցների հետ համատեղ, ինչի արդյունքում հաջողվել է ձևավորել ընդհանուր սկզբունքներ և շատ շուտով կհայտարարենք Իդրամ QR-ից համակարգի բաց և հասանելի դառնալու մասին շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի իրական միջավայրում Իդրամ QR-ի ենթակառուցվածքից օգտվելու հնարավորության գործարկման մասին, որին միանում են մի շարք հայկական բանկեր և վճարահաշվարկային ընկերություններ, և լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք է՛լ ավելի զարգացնել և կատարելագործել համակարգը՝ ապահովելով փոխգործելիություն, համակցման ստանդարտացում և ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման ավելի մեծ հնարավորություններ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում