Վրաստան

Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից դիվանագետի հետկանչումը կապված է լվացքի մեքենաների ձեռքբերման հետ

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից դիվանագետի հետկանչումը կապված է լվացքի մեքենաների ձեռքբերման հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ուկրաինայի կողմից գործերի ժամանակավոր հավատարմատարի հետկանչմանը՝ նշելով, որ դա քաղաքական գործողություն չէ, այլ կապված է դեսպանատան ներկայացուցչի կողմից լվացքի մեքենաների ձեռքբերման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Ի տարբերություն դեսպանի հետկանչման, սա քաղաքական ակտ չէ, դա կապված է կոնկրետ դեսպանատան ներկայացուցչի կողմից կենցաղային իրերի գնման հետ, որը, ուկրաինական իշխանությունների կարծիքով, նա չպետք է գներ պատերազմի պայմաններում. խոսքը լվացքի մեքենաների մասին է», - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականում սա այնպիսի որոշում չէ, ինչպիսին ընդունվել է 2022 թվականին դեսպանին հետ կանչելու ժամանակ։

«Այն ժամանակ դա զուտ քաղաքական որոշում էր։ Այն ժամանակ, քանի որ մենք չմիացանք պատժամիջոցներին և կառավարության պաշտոնական հավանությամբ մարտական ​​կամավորների չուղարկեցինք Ուկրաինա, Ուկրաինայի իշխանությունները հետ կանչեցին դեսպանին Վրաստանից։ Դա քաղաքական ակտ էր։ Այս դեպքում, մեր տեղեկություններով, սա քաղաքական ակտ չէ», - ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել էր Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու մասին՝ նշելով, որ «պատերազմող երկրների դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրողություններից»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում