Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի (C4 ենթախումբ) նոր մրցափուլի անդրանիկ խաղում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և հենց մեկնարկում առաջ անցավ հաշվի մեջ: Ստանալով Նաիր Տիկնիզյանի փոխանցումը` դիպուկ հարվածով աչքի ընկավ Վահան Բիչախչյանը (6-րդ րոպե): Լատվիային հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը: 9-րդ րոպեին գոլը խփեց Ուլգրիկիսը: Խաղակեսի վերջնամասում Լատվիայի ընտրանու պաշտպանը կոպիտ սխալ թույլ տվեց` դառնալով ինքնագոլի հեղինակ: Գնդակը հետ փոխանցելով դարպասապահին` Դուբրան դարձավ ինքնագոլի հեղինակ (35-րդ րոպե):

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Լուկաս Սելարայանը ու խփեց թիմի հերթական գոլը: Լատվիային այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանուն հաջողվեց 4-րդ գնդակն էլ ուղարկել Լատվիայի դարպասը: Ստանալով Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումը` շեշտակի հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը:

Հայաստան-Լատվիա` 4:1: 

Հայաստանի ազգային ընտրանին Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին` մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում