Մշակույթ

Դերասանուհի Արմինե Մացակյանն իր կյանքի և գործունեության վառ դրվագներն ամփոփել է գրքում

3 րոպեի ընթերցում

Դերասանուհի Արմինե Մացակյանն իր կյանքի և գործունեության վառ դրվագներն ամփոփել է գրքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Արմինե Մացակյանն իր կյանքի և ստեղծագործական գործունեության վառ դրվագներն ամփոփել է «Իմ դարի կեսը» ինքնակենսագրական գրքում։ Այն նվիրված է նրա 55-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է ծնված օրից մինչ օրս։ Այն իմ ապրած տարիների, իմ ապրած դեգերումների, պայքարի, համառության մասին է, իմ կյանքի խճանկարի մասին է»,-նշում է դերասանուհին։

d19ca2c7-a8bc-4398-9a23-cc8f84c2139d.jpg

Որոշել է շնորհանդեսն իր հարազատ օջախում՝ Վանաձորի թատրոնում կազմակերպել, քանի որ այն իր համար անփոխարինելի է։ «Ամուսնուս հետ երկար տարիներ աշխատել ենք, ստեղծագործել այդ թատրոնում, որը մեր հարազատ տունն է, կոլեկտիվը»,-մանրամասնում է Մացակյանը։

Գիրքը սահմանափակ տպաքանակով տպագրվել էր Ֆրանսիայում, սակայն որոշվել է, որ պետք է լույս տեսնի նաև Հայաստանում ու ներկայացվի նաև հայ ընթերցասերներին։ Գրքի շնորհանդեսը կկայանա նաև Երևանում։ 

Արմինե Մացակյանը մինչև 2000 թվականն աշխատել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև տեսողությունը կորցնելուց հետո հանդես է եկել նույն բեմում որպես ազատ ստեղծագործող։ Խաղացել է Գ. Ֆիգերեյդո` «Եզովպոս» (Մելի), Մոլիեր` «Ակամաբժիշկ» (Լուսինդա), Ա. Սարգսյան` «Օջախի ծուխը» (աղջիկ), Վ. Սարոյան` «Հեյ, ո՞վ կա»  (Էմիլի Քեյթ, 2004 թ.) և այլ ներկայացումներում։ Արժանացել է «Արտավազդ» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Դերասանուհին ամուսնու հետ բուժման նպատակով մեկնել է Գերմանիա, որտեղ շարունակել են ստեղծագործական գործունեություն ծավալել։ Արմինե Մացակյանը հիմնականում հանդես է եկել մոնոներկայացումներով։ «Ամուսինս բեմադրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա մոնոներկայացում։ Ես խաղացի բավականին հետաքրքիր պայմաններում՝ Գերմանիայի հայկական եկեղեցիներում։ Եկեղեցում «Մատյան ողբերգության» պոեմը ներկայացնելը լրիվ այլ զգացողություն է, այլ էներգետիկա, ուրիշ աշխարհ»,-խոստովանում է Արմինե Մացակյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում