Մարզեր

ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, ծանոթացել խնդիրներին

3 րոպեի ընթերցում

ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, ծանոթացել խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Ազգային ժողովից։ Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: 

Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը մարզային այցերի շրջանակում այս անգամ հյուրընկալվել են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արևուտ խոշորացված համայնքում, եղել Կանչ, Թլիկ և Հակո բնակավայրերում:

«Ազգային փոքրամասնությունները մշտապես ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են: Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունն ու այդ համատեքստում հետաքրքրված ենք ձեր կարիքներով»,-համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուստամ Բաքոյանն ու ևս մեկ անգամ շեշտել, որ Կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վերահաստատել է վաղուց գոյություն ունեցող խնդիրներին փուլ առ փուլ լուծումներ տալու պատրաստակամությունը:

Համայնքների ներկայացուցիչները նախ գոհունակություն են հայտնել տասնամյակներ շարունակ ավերված Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհի 12,1 կմ-անոց հատվածի նորոգման աշխատանքները սկսելու համար, այնուհետև մատնանշել հաջորդող ամենաառանցքային խնդիրները՝ ներգյուղական ճանապարհների վատ վիճակը, մանկապարտեզի, ավագ դպրոցի, խմելու ջրի, գազաֆիկացման, բուժհաստատության բացակայությունն ու գործազրկությունը:

Հաջորդիվ խորհրդարանականներն այցելել են Արևուտի հիմնական դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել դպրոցականների հետ: Այնուհետև Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվել է Թլիկ բնակավայրում կառուցվող ջրամբարը, որը միտված է լուծելու տեղի բնակիչների՝ ջուր չունենալու խնդիրը:

Աշխատանքային հաջորդ օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաև Արարատի մարզ, տեղում ծանոթացել ջերմոցային և ֆերմերային տնտեսություններին, լսել գյուղատնտեսներին հուզող խնդիրներն ու հաստատել ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու այն զարգացնելու անհրաժեշտությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում