Մշակույթ

Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմի պրեմիերան Վենետիկի փառատոնում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին

3 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմի պրեմիերան Վենետիկի փառատոնում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան Վենետիկի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։ Այն ընդգրկված է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պատվիրակությունը պրեմիերային ընդառաջ փառատոնի տնօրինության հետ հանդիպելու առիթ է ունեցել, որպեսզի ստեղծագործական թիմի անունից շնորհակալական խոսքը հայտնի: 

Ռեժիսոր Զառա Ջյանի վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ: 

Ֆիլմում գլխավոր հերոսուհին, որ հենց կինոնկարի ռեժիսորն է, որոշում է լքել այն երկիրը, որտեղ ապրում է, և վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան՝ փորձելով կառուցել իր հետագա կյանքը՝ գտնելով մի շարք հարցերի պատասխաններ։ Փարաջանովի թանգարանը նրա համար դառնում է ոգեշնչման վայր։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին անդրադառնում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են մարդու ազատությունը, պատերազմների ազդեցությունը մշակույթի և մշակութային գործիչների վրա և այլն։ 

Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են Անի Որսկանյանը, Զառա Ջյանը, ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։ 

Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող և օրինակ է: Մեծ է նաև այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում։ Սերբիայում՝ 2023-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023-ի օգոստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024-ի փետրվարին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ և Երևանում՝ 2023-ի հուլիս-հոկտեմբեր և 2024-ի փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ ճանապարհորդություն դեպի Երևան կատարեց նաև Տարսեմ Սինխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում