Հայաստան

Հրատապ արձագանքման հարթակն առավել արդյունավետ կերպով կհամակարգի կարիքավորներին տրվող պետական օժանդակությունը

11 րոպեի ընթերցում

Հրատապ արձագանքման հարթակն առավել արդյունավետ կերպով կհամակարգի կարիքավորներին տրվող պետական օժանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ արդիականացված Հրատապ արձագանքման հարթակի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։ Հարթակը հնարավորություն է տալիս Հայաստանի կառավարությանն առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքավոր ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման անհրաժեշտություն պահանջող իրավիճակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդն, ինչպես նաև «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ 

«Այս ծրագիրն ավելի մեծ ծրագրի մի մաս է կազմում, որի շրջանակներում մենք փորձում ենք ուղիներ գտնել, որպեսզի օգնենք Հայաստանի կառավարությանը ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ աջակցություն տրամադրել նրանց, ովքեր հայտնվել են կարիքի և դժվար իրավիճակներում։ Ճգնաժամային իրավիճակներում ամենաբարդն արագ արձագանքելն է, և այս ծրագրի շրջանակներում փորձ է արվում այնպես անել, որ բոլոր իրավիճակներում հասանելի լինեն գործողությունները, որպեսզի այդ աջակցությունն ու օգնությունը մարդկանց ժամանակին տրամադրվի, և մարդկանց մատուցվող ծառայություններն ու օգնությունը համակարգվի։  

Ծրագրի տեխնիկական առավելություններից մեկն այն է, որ ամենախոցելի խմբերի ներկայացուցիչները հնարավորություն ունեն այդ հարթակի միջոցով ստանալ անհրաժեշտ աջակցությունը, որովհետև համակարգը հստակ զանազանում է այդ կարիքները․ միգուցե, մարդիկ ունեն հագուստի կամ սննդի կարիք, անկողնային պարագաների և այլնի կարիք։ Այդ ամենը գրանցվում է համակարգում։ Համակարգը թույլ է տալիս իրականացնել դա ավելի արագ և արդյունավետ կերպով», - լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մանրամասնեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն՝ ուրախություն արտահայտելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս հարցում կարողացել է աջակցել Հայաստանին։ 

Նա նաև հավելեց, որ այս ամբողջ նախաձեռնության բացառիկ յուրահատկություններից մեկն այն է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և փորձել է գտնել ճգնաժամային իրավիճակներում արձագանքելու լավագույն ուղիներն ու հատկորոշել, թե որտե՞ղ կան բացեր և ինչպե՞ս կարող է օգնել փակել այդ բացերը։ 

«Կարծում եմ, որ արդիականացված հարթակը կբարելավի սոցիալական ծառայությունների տրամադրումը տուժած բնակչությանն արտակարգ իրավիճակների ժամանակ, կբարելավի տվյալների հասանելիությունը տեղեկացված որոշումներ կայացնելու նպատակով և կբարձրացնի ճգնաժամերին արդյունավետորեն արձագանքելու ընդհանուր պատրաստակամությունը», - ասաց Ջոն Ալելոն՝ արդեն միջոցառման ժամանակ հնչեցրած իր ելույթում։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարթակի գործարկման վերաբերյալ կարծիք հայտնեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում՝ պայմանավորված ամենատարբեր ճգնաժամերով, պատերազմներով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող ծառայություններով կամ բնական աղետներով, սոցիալական ոլորտի դիմակայունությունն ու արագ արձագանքումը բարելավելու համար ՀՀ կառավարությունն իրականացրել է տարբեր ծրագրեր։

«Այս հարթակի ստեղծումը իրենից ենթադրում է հրատապ արձագանքի ճկուն համակարգ։ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման առաջին իսկ օրերից գործարկվել էին կարիքի գնահատման և եղած ռեսուրսների քարտեզագրման հարթակներ, կարողացել էինք հասանելիություն տալ մարզպետարաններին, համայնքներին, աջակցություն տրամադրել ցանկացող հասարակական կազմակերպություններին, անհատական նախաձեռնություններին, ինչպես նաև այն անձանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Ըստ էության, այս նոր հարթակը համադրում է այս բոլոր գործիքները մեկ շրջանակի մեջ, և դրան կցվում են նաև բոլոր այն ծառայությունների համար նախատեսված հարթակները, որոնք արդեն կան։ Այն հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով հրատապ արձագանքի գործիքները մեկտեղել մեկ ծրագրային լուծման մեջ», - նշեց Նարեկ Մկրտչյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ հարթակը շատ կարևոր քայլ է ճգնաժամային իրավիճակներում սոցիալական պաշտպանության ոլորտն առավել դիմակայուն և արագ արձագանքող դարձնելու համար։ Նախարարը հիշեցրեց, որ հետպատերազմյան իրավիճակում մարդկանց մոտ բնական ցանկություն էր առաջանում նեցուկ լինել իրենց հայրենակիցների խնդիրներին, որի համար մարդիկ փողոցներում օգնություն էին հավաքագրում, սակայն արդեն 2023 թվականին, քանի որ արդեն կային մարդկանց աջակցություն տրամադրելու տարբեր հարթակներ, ակնհայտ դարձավ, որ այդ ամենը կարելի անել առավել համակարգված կերպով։

«Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ հարթակներն արդյունավետ գործիք են առկա մարտահրավերներին արագ և նպատակային արձագանքելու գործում։ Հրատապ արձագանքման հարթակը թույլ կտա ցանկացած իրավիճակում լինել պատրաստ ու հնարավորություն կտա մասնավոր նախաձեռնություններին ևս գույքագրել առկա ռեսուրսները՝ լինելով վստահ, որ ցանկացած իրավիճակում իրենց տնօրինած ռեսուրսները կբաշխվեն հասցեական ու կծառայեն թիրախային նպատակին», - ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ 

«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդն, անդրադառնալով հարթակի գործարկմանը և դրա կարևորությանը, նշեց, որ իր կազմակերպության գործունեությունն ու նպատակն է աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացմանը։ 

«Հարթակի կարևորությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է տալիս համապատասխանեցնել կարիքներն ու ծառայությունները միմյանց հետ, ընդ որում՝ լուծումը թվային  է և ժամանակակից ու համապատասխանում է Հայաստանի պահանջներին, քանի որ վերջինս հենց ինքը ժամանակակից երկիր է, ինչպես նաև ունի սոցիալական պաշտպանության զարգացած համակարգ», - ասաց Լիզբեթ Զոնեվելդը՝ շեշտելով, որ հարթակը հնարավորություն է տալիս համայնքային մակարդակում ապահովել նաև աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի իրականացումը և համայնքներին հնարավորություն է տալիս պատրաստված լինել ցանկացած տեսակի աղետի։

«ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, ողջունելով ներկաներին և բարձրաստիճան հյուրերին, ինչպես նաև խոսելով հարթակի գործարկման ու սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների մասին, ասաց, որ հարթակի ստեղծման վրա շատ երկար աշխատանք է իրականացվել, սակայն, միևնույն ժամանակ, կցանկանար, որ նորաստեղծ հարթակը շատ քիչ կիրառություն ունենա Հայաստանի Հանրապետությունում, քանի որ այն արտակարգ իրավիճակներին արձագանքելու  հարթակ է։ 

«Հուսանք, որ այն, իսկապես, անհրաժեշտ չի լինի կիրառել, բայց կարող եմ նշել, որ առավել քան երբևէ մենք պատրաստ ենք թվային տիրույթում հավաքագրել կարիքները, աջակցության բոլոր տեսակները, համակարգել այդ գործողությունները և ունենալ թափանցիկ գործընթաց, որը կարևոր ցուցիչ է բոլորիս համար», - ընդգծեց անահիտ Պարզյանը։

Նա հավելեց, որ Հրատապ կարիք․am կայքն արդեն կիրառելի է և համալրված է շատ ավելի լայն հնարավորություններով։ Նա նշեց, որ, օրինակ, նախկին հարթակի դեպքում հնարավոր էր հավաքագրել կարիքը և աջակցությունը, ինչն արդյունավետ էր, սակայն բավարար չէր համակարգային լուծումներ տալու առումով։

Այնուհետև Անահիտ Պարզյանը ներկաներին ցուցադրեց այն բոլոր նորարարություններն ու ծրագրային առավելությունները, որոնք ներդրված են նոր հարթակի աշխատանքներում։ 

Այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը մշակել և բարելավել է սույն թվային հարթակը։

 Համակարգը բաց է, հասանելի, և սպասարկում է՝ 

1.         այն անձանց կամ ընտանիքներին, որոնք վերջին 72 ժամում տուժել են այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են հեղեղում, ջրհեղեղ, կարկտահարություն, ցրտահարություն, փոթորիկ, ուժեղ քամի, երկրաշարժ, սողանք, փլուզում, հրդեհ, համաճարակ, համավարակ և մեկուսացում, 

2.         այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են տրամադրել ռեսուրսներ ՀՀ կառավարությանը՝ հրատապ արձագանքման   իրավիճակներից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով։ 

Հրատապ արձագանքման հարթակում գործում է նաև սոցիալական աջակցության քարտեզ, որն ապահովում է հասանելիություն տուժած մարզում գործող աջակցության ծառայություններին։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում