Տնտեսություն

Բազմաթիվ համայնքներ ցանկանում են ներգրավվել մասնակցային բյուջետավորման գործընթացում․ Ֆինանսների նախարար

3 րոպեի ընթերցում

Բազմաթիվ համայնքներ ցանկանում են ներգրավվել մասնակցային բյուջետավորման գործընթացում․ Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնակցային բյուջետավորումը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման վառ դրսևորումներից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ կառավարությունը ուրախությամբ է աջակցում մասնակցային բյուջետավորման գործընթացին։

«Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարություններին այս ուղղությամբ նախաձեռնողականություն դրսևորելու համար։ Ուրախ եմ նաև, որ սա լավ օրինակներից է, երբ կառավարությունն ինքը վերցնում է այդ նախաձեռնությունները և դարձնում իր սեփականը։ Ինչո՞ւ է սա կարևոր մեզ համար, որովհետև մենք բազմիցս խոսում ենք Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման մասին։ Կարծում եմ, որ մասնակցային բյուջետավորումը դրա ամենավառ դրսևորումներից մեկն է։ Որոշեցինք վերցնել առկա փորձը, առկա հարթակները, որոնք պատրաստվել են  GIZ-ի կողմից և այս տարի 500 միլիոն դրամով ֆինանսավորեցինք 4 համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացումը։ Մենք շատ կցանկանայինք դա բոլոր համայնքներում իրականացնել, ուղղակի հասկանում ենք, որ այդ գործընթացը նոր է, պետք է հասկանալ, թե ինչպես է աշխատում, ինչպես կարող ենք մենք երաշխավորել, որ ստանալու ենք այն, ինչ ուզում ենք, որովհետև սովորաբար վերցնում ենք լավ վերնագրերը և հետո դրանք իրականացնում ենք այնպես, որ չենք ստանում այն արդյունքները, որ ուզում էին ստանալ ու խոսում ենք ձախողումների մասին։ Հետևաբար, այստեղ կարևոր է շատ զգույշ լինելը և ճիշտ իրականացնելը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը ոգևորված է համայնքներից ստացած արձագանքներից։ 

«Ուրախ եմ ասել, որ այս պահին մեր կողմից նախագծվող բյուջեում այդ գումարը պլանավորում ենք կրկնապատկել։ Եվ կնայենք, թե որ համայնքներում կկարողանանք այս ծրագիրը ընդլայնել։ Ուրախ եմ նաև, որ բազմաթիվ համայնքներից ստանում ենք ուղերձներ, որ իրենք էլ ցանկանում ներգրավվել այս գործընթացի մեջ։  

Ընդհանուր առմամբ, մեր գաղափարն այն է, որ մեր կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը պետք է փորձենք կամաց-կամաց իրականացնել մասնակցային ձևաչափով։ Տանք մարդկանց այն զգացողությունը, որ իրենք, իրոք, ուղիղ որոշում կայացնող են։ Սա չափազանց էական է, որովհետև մեր քաղաքական ուղերձները նրա մասին, որ մենք զարգացնում ենք ժողովրդավարությունը, պետք է նաև դրսևորվեն գործնականում, մարդկանց ամենօրյա կյանքում։ Սա մի հիանալի միջոց է դա անելու համար, ինչը մենք հաստատ զարգացնելու ենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում