Տնտեսություն

Մասնակցային բյուջետավորումը ներդրվել է Հայաստանի 15 համայնքում․ ԳԴՀ դեսպանի ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

Մասնակցային բյուջետավորումը ներդրվել է Հայաստանի 15 համայնքում․ ԳԴՀ դեսպանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համատեղ բյուջեի կազմումը ժողովրդավարական զարգացման շատ կարևոր գործիք է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։

«Մասնակցային բյուջետավորումն ապահովում է թափանցիկություն, հաշվետվողականություն և կենդանի ապացույց է այն բանի, թե ինչ է սուբսիդավորումը, որ քաղաքացիներն իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք իրենց քաղաքին, որպեսզի այնտեղ արժանապատիվ ապրեն: Ես ծննդով շատ ապակենտրոնացված երկրից եմ, որտեղ լայն մասնակցության հիման վրա բյուջեի ձևավորումը վաղուց ամրագրված է քաղաքականության մեջ, և ես իսկապես հպարտ եմ, որ գերմանական զարգացման կորպորացիան մեր շվեյցարացի գործընկերների հետ և, իհարկե, նաև Հայաստանի նախարարությունների ջանքերով աջակցում է այս գործընթացին, և որ այն այժմ դառնում է մեր քաղաքականության մի մասը»,-ընդգծեց նա։

Կատրին Բուդեր-Փելցի խոսքով՝ անցյալ տարի մասնակցային բյուջեի ներդրման պիլոտային ծրագիրն իրականացվել է չորս համայնքում, այժմ ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվել է և այն իրականացվում է 15 համայնքում, և նրանց թիվն ու հետաքրքրությունն աճում է: 

«Ես նշեցի հայկական ինստիտուտների աջակցության մասին։ Խոսքը ոչ միայն նոր բյուջե հատկացնելու, այլ նաև պետական ինստիտուտների, համայնքների և գործընկերների միջև նորովի սովորելու և փոխգործակցության մասին է: Ստեղծվել են համագործակցող աշխատանքային խմբեր։ Մենք լսել ենք մշակված թվային գործիքների մասին, և այս գործընթացի յուրաքանչյուր քայլը նաև բոլորի համար սովորելու գործընթաց է, թե ինչպես իսկապես պետք է միասին աշխատել  և  ինչպես Հայաստանի յուրաքանչյուր համայնքում ունենալ ժողովրդավարություն: Այսպիսով, ես անհամբերությամբ սպասում եմ այս շարժումը շարունակելու մեր ընդհանուր զարգացման համագործակցությամբ, աջակցել նախարարների կողմից նախկինում հայտարարված իրավական դաշտի էվոլյուցիային և հրավիրել ավելի մեծ թվով քաղաքապետարանների միանալու: 

Միջազգային այս համաժողովին մաղթում եմ մեծ հաջողություններ և վստահ եմ, որ այսօր կստեղծվեն նոր ցանցեր ոչ միայն Հայաստանի ներսում, այլև արտերկրի գործընկերների հետ: Եկեք միասին աշխատենք հանուն ապագայի, որտեղ տեղական ժողովրդավարական գործընթացները և լայն մասնակցությունը կլինեն ընդհանուր կանոն, և որտեղ քաղաքացիներն իսկապես կկարողանան ապավինել և վստահել ժողովրդավարական գործընթացներին այստեղ՝ Հայաստանում»,- եզրափակեց Կատրին Բուդեր-Փելցը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում