Իրանը դեմ է, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն իրականացնեն այլ երկրներ. դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ այդ ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը։
«Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի Հանրապետության կողմից, և մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանել»,– ասաց նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանը նշեց, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելեց, որ իր տեղեկություններով՝ խոսքը անվտանգության ապահովման մասին չէ։
«Խոսքն այն մասին է, որ որևէ առևտրային ընկերության ներկայացուցիչ իր բեռը փոխադրելիս կարող է ներկա լինել այդ ճանապարհին»,-ասել է նա։
Իր տեղեկություններով` ճանապարհի անվտանգությունն ու վերահսկողությունը լինելու է ՀՀ կառավարության կողմից։