Մշակույթ

70 երաժիշտ՝ տարբեր երկրներից․ Երևանում կանցկացվի «Yerevan Music Week»-ը

4 րոպեի ընթերցում

70 երաժիշտ՝ տարբեր երկրներից․ Երևանում կանցկացվի «Yerevan Music Week»-ը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջին անգամ Երևանում կանցկացվի «Yerevan Music Week»-ը՝ համախմբելով 70 երաժշտի տարբեր երկրներից։ «Yerevan Music Week» փառատոն-կոնֆերանսն անցկացվելու է սեպտեմբերի 9-15-ը, որի նպատակն է ինչպես երաժշտական, մշակութային ակտիվություն ապահովել մայրաքաղաքում, ներգրավել զբոսաշրջիկների, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, այնպես էլ անդրադառնալ ոլորտի խնդիրներին։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Yerevan Music Week»-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը նշեց, որ միջազգային բավական մեծ արձագանք եղավ մասնակցության առումով։ 

«Բավական հագեցած ծրագիր է սպասվում, այդ մեկ շաբաթվա ընթացքում 21 միջոցառում է անցկացվելու Երևանի տարբեր համերգային սրահներում։ Հյուրեր ենք սպասում Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ալբանիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից և այլն։ Վստահ ենք, որ սա կարևոր մշակութային իրադարձություն է լինելու Երևանում»,-ասաց Հասմիկ Մովսիսյանը։ 

Քանի որ արդեն Երևանում կան մի քանի կայացած երաժշտական փառատոններ, հատկապես դասական երաժշտության ոլորտում, կազմակերպիչները որոշել են «Yerevan Music Week»-ին շեշտադրել ֆոլկ երաժշտությունը և դրան առնչվող այլ ժանրերը։   

«Yerevan Music Week»-ի շրջանակում, համերգային ծրագրերից բացի, լինելու են նաև պանելային քննարկումեր՝ կապված  մարկետինգային հարցերի, հեղինակային իրավունքների հետ, անդրադարձ է կատարվելու երաժշտական աշխարհի վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությանը։ Փորձագետներ են հրավիրված Սերբիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից։ 

«Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Անի Դավթյանը, կարևորելով այս փառատոն-կոնֆերանսի անցկացումը, նշեց, որ լավ առիթ է անդրադառնալու ոլորտի խնդիրներին։  

«Շատ ժամանակ ասում են, որ մեզ մոտ մտավոր սեփականության իրավունքի հետ կապված հարցերը չեն աշխատում, հեղինակային իրավունք չունենք։ Այս ամենը գալիս է նրանից, որ ոչ թե այդ օրենսդրությունը, ոլորտը կարգավորված չէ, այլ որ այդ մարդիկ գաղափար չունեն կարգավորումներից, այսինքն, բավարար չափով իրազեկված չեն։ Չգիտեն ինչ է մտավոր սեփականությունը, ոնց է աշխատում հեղինակային իրավունքը, ինչ պայմանագրեր են պետք կնքել, ինչ իրավական հարցերի պետք է ուշադրություն դարձնել և այլն։ Այս միջոցառումը լավ առիթ է այդ խնդիրներին անդրադառնալու»,-ասաց Անի Դավթյանը։ 

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը, որը սերբ գործընկերների հետ հանդես է գալու համերգային ծրագրով, նշեց, որ սա պարզապես համերգաշարով միջոցառում չէ, իրապես կարևոր նախաձեռնություն է՝ միտված հայկական երաժշտական ինդուստրիան ավելի կարգավորելուն։ 

«Այն կամուրջ է ստեղծում միջազգային գործընկերների հետ։ Միջազգային փորձագետների ընդգրկուն ցանկ կա, ինչը լավ հնարավորություն տեղի մասնագետներին նրանց հետ շփվելու, փորձի փոխանակում կատարելու, նոր կապեր հաստատելու։ Իմ գործընկերներին հորդորում եմ ակտիվ լինել ու մասնակցել»,-ասաց Միքայել Ոսկանյանը։ 

Փառատոնի անցկացմանն աջակցում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը։ Բրիտանական խորհրդի hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը նշեց, որ Բրիտանական խորհուրդը մեծապես կարևորում է արվեստը, որի միջոցով փորձում են ստեղծել, ձևավորել համագործակցության նոր հարթակներ ու ուղիներ։ 

«Մենք Հայաստանում աշխատում ենք 2022 թվականից։ Այս աջակցությունն իրականացնում ենք՝ համատեղելով Միացյալ Թագավորության արվեստի և մշակույթի հարուստ փորձը։ Ակնկալում ենք, որ այս փառատոնը կդառնա ավանդական և Երևանի մշակութային միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն կլինի»,-ասաց Ադդէ Հովասափյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում