Իրավունք

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը

5 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը հավանության արժանացավ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում։

Քննարկվող նախագծի բովանդակության վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ Եվրաջասթը հիմնադրվել է 2002 թվականին և հանդիսանում է Եվրոպական միության 27 պետության և դրանից դուրս համագործակցող պետությունների իրավասու մարմինների հետ միջազգային իրավական համագործակցությունը խթանող համաեվրոպական մարմին։

«2021 թվականին Եվրոպական միությունը նախաձեռնել է ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ պետությունների հետ, այդ թվում՝ ՀՀ-ի հետ դրա քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները։ Այս բանակցությունները տևել են բավականին երկար. 2022 թվականին ստացել ենք արդեն այդ համաձայնագրի շրջանակը, տեքստային տարբերակը։ Երկար քննարկումներից հետո 2023 թվականի ապրիլի 4-ին Կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը և ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում արդեն ստորագրել է փաստաթուղթը»,-իր խոսքում նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակն է ընդլայնել ՀՀ-ի և ԵՄ անդամ պետությունների պետական մարմինների միջև համագործակցության շրջանակը ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում՝ նախատեսելով իրավասու մարմինների միջև անձնական տվյալների փոխանցում, ծանր հանցագործությունների՝ մասնավորապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեպքերով նախաքննության և քրեական հետապնդում իրականացնելու հարցում ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի իրավասու մարմինների գործողություններին նպաստելու և դրանց միջև համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով։

Նա մանրամասնեց, որ համաձայնագիրը պատշաճ կերպով անցել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված ներպետական բոլոր ընթացակարգերը, կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, որի համաձայն՝ այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը, և դատարանն արձանագրել է, որ ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված կետերին։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ ձեր դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ»,-եզրափակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։

Նիստի ընթացքում քննարկվող նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ համաձայնագիրը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Հայաստանի՝ Եվրոպական միության կառույցներին ինտեգրվելու առումով։

«Սա, ըստ էության, եվրոպական ինտեգրման ևս մեկ շերտ է, և երբ մեր հայրենակիցների հետ շատ հաճախ խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին։ Եվրոպական ինտեգրումը հենց այսպիսի գործիքներն են նաև, որոնք մեր իրավապահ համակարգին թույլ է տալու տեղեկատվության արագ փոխանակում ունենալ ԵՄ անդամ երկրների և Եվրաջասթի հետ»,-ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ համաձայնագրի առկայությունը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության՝ եվրոպական ինտեգրման օրակարգն ինտենսիվորեն առաջ է մղվում։

Անդրադառնալով դիտարկմանը, թե համաձայնագիրն արդյո՞ք նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ԵՄ անդամն երկրներում՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայնագրի շրջանակներում կարգավորվում է ավելի մանրամասն և առավել անձնական տվյալների պաշտպանությունը, բնականաբար, ակնկալվում են ՀՀ քաղաքացիների վերաբերյալ եվրոպական դաշտում գտնվող տեղեկատվության պաշտպանության առավել բարձր մեխանիզմներ։ 

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում որոշումն ընդունվեց 5 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում