Գրքի տոնը վերադառնում է. Երևանում սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի տոնը վերադառնում է. Երևանում սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Այն կունենա «Քաղաքը կարդում է» կարգախոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն կանցկացվի Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ), իսկ փառատոնի շրջանակում իրականացվող գրքի տոնավաճառը, որտեղ կգործի 20-40 տոկոս պարտադիր զեղչ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում:
«Այս տարի փառատոնը կունենա 30-ից ավելի գրական միջոցառում, որոնց շարքում են շատ սպասված շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, կլինեն հյուրեր ավելի քան 10 երկրից: Գրքասերներին սպասվում են հետաքրքիր թատերական ներկայացումներ, որոնց մուտքը կլինի գրքերով: Հավաքված գրքերը կնվիրենք «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամին՝ սահմանամերձ գյուղերի գրադարանների համալրման նպատակով»,-նշեց Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը:

Փառատոնի հիմնական բաղկացուցիչ մասերից է նաև գրական մրցույթը: Ըստ կազմակերպչի՝ այս տարի նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվում է անանուն:
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն ունեն մարզային փառատոններ անցկացնել և գրականության ոլորտում միջազգային համագործակցության հարթակն ընդլայնել: Նա տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնի համակազմակերպիչ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշեց՝ փառատոնն այս տարի առանձնանում է շատ յուրահատուկ նախաձեռնությամբ. երեք օր կցուցադրվի թանգարանային մեկ բացառիկ նմուշ՝ Միսաք Մեծարենցի մատանին:
«Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների անձնական արխիվները և իրերը, որոնց մեջ է նաև Միսաք Մեծարենցի կիսաթանկարժեք քարից պատրաստված ոսկե մատանին, որը բանաստեղծին նվիրել է մայրը: Մատանու վրա բանաստեղծը հետագայում փորագրել է Հովհաննես Ավետարանիչի հետևյալ տողերը՝ «Իրական կատարյալ սերը մերժում է վախը»: Մենք վստահ ենք, որ Միսաք Մեծարենցի հոգուց և այս մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի բոլոր մասնակիցներին»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով նման փառատոնների դերն, ընդգծեց՝ փառատոնի շրջանակներում Երևան են ժամանելու մի շարք հյուրեր տարբեր երկրներից և Հայաստանի տարբեր մարզերից:
«Այս փառատոնը ԿԳՄՍ նախարարության հիմնած լավագույն ծրագրերի շարքում է, քանի որ արդեն 7 տարի պահպանվում է կարևորությունն ու դինամիկան: Էպիկենտրոնը բնականաբար Երևանն է, բայց մի փոքրիկ գաղտնիք բացեմ՝ նախարարի առաջարկությամբ առաջիկայում ցանկանում ենք զարգացնել միջազգային մի շարք գրական փառատոնների հետ կապերը և մեծ ցանկություն ունենք փառատոնը տանել մարզեր: Կարծում եմ, որ որոշ աշխատանքների և գործընկերների աջակցությամբ արդեն հաջորդ տարի փառատոնը կլինի նաև մարզերում»,-նշեց Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալը նշեց՝ ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է և՛ մասնակից գրողներ թիվը, և՛ հանդիսատեսի թիվը: «Սա նաև լավ հարթակ է գրողների համար՝ միջազգային գործընկերների միջոցով առավել հայտնի և ճանաչված դառնալու տեսակետից»,-ավելացրեց նախարարի տեղակալը:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ քաղաքապետարանը կարևորում և առաջնային է համարում նման միջոցառումների ֆինանսավորումը:

«Ընթերցանության, գրականության ոլորտում մենք ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր: Կարծում եմ, որ այս ամենը չի կարող խթան չհանդիսանալ, որպեսզի մենք ունենանք այս ոլորտում իսկապես որակական աճ»,-նշեց փոխքաղաքապետը:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ: