Հայաստան

ՀԷՑ-ի պնդմամբ՝ վերջին աղմկահարույց հոսանքազրկումներն իր պատասխանատվությունից դուրս են եղել

5 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի պնդմամբ՝ վերջին աղմկահարույց հոսանքազրկումներն իր պատասխանատվությունից դուրս են եղել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պնդմամբ՝ հանրապետությունում վերջին մի քանի աղմկահարույց հոսանքազրկումներն իր պատասխանատվության տիրույթում չեն եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին պնդել է, որ անցած տարի  ՀՀ կառավարության նիստի, ինչպես նաև այս տարվա ընթացքում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ներկայացման և Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային խաղի  ժամանակ էլեկտրամատակարարման ընդհատումներն իրենց պատասխանատվությունից դուրս գտնվող ցանցում և ենթակայաններում խնդիրների հետևանք են եղել։ 

«Անցած տարվա  նոյեմբերին Կառավարության նիստի ժամանակ էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառների ուսումնասիրման համար ստեղծված  հանձնաժողովի հետաքննության արդյունքում պարզվել է, որ դա տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվող աշխատանքների պատճառով։ Դրա հետևանքով հոսանքազրկվել էր հանրապետության տարածքի 1/3-րդը։ Դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր։ ԲԷՑ-ի անջատումները լինում են կարճատև՝ 15-20 րոպե, բայց մասշտաբային»,-պարզաբանեց Դարբինյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման պատճառն էլ հաստատության հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորի հետ կապված խնդիրն է եղել։

Դարբինյանի հավաստմամբ՝ ՀԷՑ-ի մասնագետները վթարից առաջ մի քանի անգամ ստուգայցեր են կատարել և պարզել են, որ թատրոնի հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորը խնդիր ունի։  Թատրոնի աշխատակիցներին տեղեկացվել է, որ տրանսֆորմատորը ենթակա է փոխարինման, ինչն անտեսվել է, որից հետո տեղի է ունեցել հայտնի վթարը։

«Ավելին՝ նրանք որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել։ Վթարից հետո ՀԷՑ-ի մասնագետները ևս մեկ անգամ տեղում ուսումնասիրել են պատճառը և նշել, որ խնդիրը տրանսֆորմատորի մեջ է։ Արդյունքում Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով չեն կարող դա անել»,-ասաց ՀԷՑ-ի  տնօրենների խորհրդի նախագահը։

Անդրադառնալով Աբովյանի մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային խաղի ժամանակ հոսանքի անջատման պատճառին՝ Դարբինյանը մանրամասնեց, որ մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան գրության հիման վրա անջատվել է նրանց հաշվեկշռում գտնվող  երկու տրանսֆորմատորներից մեկը։ «Դրա հետևանքով խաղի օրն ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որը, չդիմանալով դրան, անջատվել էր։ ՀԷՑ-ի աշխատակազմն, իհարկե, օպերատիվ աջակցել է վթարի վերացմանը, որի շնորհիվ էլեկտրամատակարարումն արագ վերականգնվել է։ Նշված դեպքը ևս մանրամասն ուսումնասիրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ անջատվել է նրանց բալանսում գտնվող տրանսֆորմատորի բարձր լարման ապահովիչը»,-ներկայացրեց Դարբինյանը՝ ավելացնելով, որ  ընկերության կողմից հնարավորինս աջակցություն է ցուցաբերվել թե՛ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնին, թե՛ Աբովյանի մարզադաշտին՝ չնայած նման պարտավորություններ չեն ունեցել։

«Ուզում եմ ընդգծել նաև, որ այդպիսի հաստատություններն ունեն իրենց սեփական էլեկտրատնտեսությունը, որը հիմնականում վատ վիճակում է գտնվում, չի ենթարկվում համապատասխան զննումների, մինչդեռ այդ ենթակառուցվածքները ենթակա են պարբերական վերանորոգման, կարգի բերման կամ փոխարինման»,-ընդհանրացրեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում