Հայաստան

ՆԳՆ-ն հայտարարում է ընդունելություն ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն հայտարարում է ընդունելություն ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ Համայնքային ոստիկանության ձևավորմամբ տարածքային ստորաբաժանումներում ստեղծվելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցող ստորաբաժանումներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ուղեկցող ստորաբաժանման ծառայողներն իրականացնելու են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումներ դեպի դատարան, քրեակատարողական հիմնարկ, ձերբակալվածներին պահելու հիմնարկ, բժշկական հաստատություն և այլն:

Հետագայում նախատեսվում է կալանավորված անձանց ուղեկցումները վերապահել քրեակատարողական ծառայությանը` ոստիկանությանը թողնելով միայն ձերբակալվածների ուղեկցումը:
Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով և նորագույն տրանսպորտային միջոցներով:

Ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ծառայության անցնելու դեպքում ոստիկանն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես`
• պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը․
• պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը․
• պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու ծրագրեր: Ներկայումս ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը հնարավորություն է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու իր աշխատավարձի չափը:

ՆԳՆ բարեփոխումերի շրջանակում քննարկվում է նաև սոցիալական այլ երաշխիքների հնարավորությունը:

Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010 59 61 22 կամ 010 59 65 38 հեռախոսահամարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում