Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը գյուղի վերածննդի խորհրդանիշն է համարում
2 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը գյուղի վերածննդի խորհրդանիշն է համարում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/02/CdtZvmTtshq0IZZLzlngPnvSFFHhv2n2MZ75IkTh.webp)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կիրանցի նորակառույց դպրոցի նշանակությունը գյուղի վերածննդի և բարգավաճման տեսանկյունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը Ֆեյբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությունից, որի ընթացքում նա շնորհավորել է ուսուցիչներին, աշակերտներին ու բնակիչներին և կարևորել կրթօջախի նշանակությունը։
«Ուզում եմ հավատալ, որ այս դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր սիմվոլն է, բայց նաև այս դպրոցն ամենախոսուն, ամենակարևոր հուշարձանն է մեր բոլոր ընկած եղբայրների։ Այս դպրոցն ամենաուժեղ կանչն է ՀՀ-ից դուրս բնակության այլ վայր ընտրած մեր բոլոր Կիրանցի սիրելի հայրենակիցներին, որ նրանք կարող են, ի վերջո, վերադառնալ և ապրել Հայաստանի այս ամենաչքնաղագեղ հատվածներից մեկում»,-ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ գյուղում իրականացվող ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։
ՀՀ վարչապետի խոսքով՝ նահատակներն ընկել են նրա համար, որ երեխաները Կիրանցի նման նորակառույց դպրոցներ հաճախեն՝ անվտանգ պայմաններում։
Բացման արարողությունից հետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորակառույց դպրոցում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։