«Նարեկացի» արվեստի միությունը նշում է գործունեության 20-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի  5-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «20-ամյա վերելք» խորագրով ցուցահանդես և համերգ՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը: 

Միջոցառումը աղոթքով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի հոգևորական Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն հայ նշանավոր  գեղանկարիչներ և քանդակագործներ  Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի և Սամվել Թավադյանի աշխատանքները: Կցուցադրվեն նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությանյանի լուսանկարչական աշխատանքները:

Համերգային ծրագրում կհնչեն հատվածներ՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը հայտնություն» ձայնասկավառակից, հատվածներ «Նաղաշ» անսամբլի  «Կարոտի երգեր» շարքից (խոսք՝ Մկրտիչ Նաղաշի, երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի): Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյան) և «Նարեկացի»  նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր) կկատարեն հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններ: 

Մենակատարներ՝ Քնար Հարթունյան, Նովա Հարթունյան, Լուսին Վանես, Սմբատ Խալաթյան, Հարություն Մուրադյան:

Համերգային ծրագրի ավարտին կհնչի Սմբատ Խալաթյանի՝ «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին: 

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:

Իր 20-ամյա գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կազմակերպել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր: Լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցել է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև՝ դեսպանատների հետ:

«Նարեկացի» արվեստի միության 20-ամյակի առիթով նախատեսվում է «20-ամյա վերելք» խորագրով հոբելյանական համերգ՝ հրավիրված երաժիշտների և ՆԱՄ խմբերի մասնակցությամբ, ինչպես նաև բացառիկ ցուցահանդես, որի շրջանակում ՆԱՄ մասնավոր հավաքածուից կցուցադրվեն Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի և այլոց աշխատանքները:

«Նարեկացի» արվեստի միությունը հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում Նարեկ Հարությանյանի կողմից, իր ավագ եղբոր` Սարո Հարությանյանի, Հարկո Ինսենթիվզ ընկերության (www.harcoweb.com) և իրենց լուսահոգի հոր` Կարապետ Հարությանյանի հիմնական աջակցությամբ:

2004 թվականին միությունն իր դռներն է բացել Երևանում:

ՆԱՄ Երևանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը և միության նկարչության դասարանը:

ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:

2006թ.-ին ՆԱՄ-ը հիմնել է իր մասնաճյուղը Շուշիում: 

ՆԱՄ-ում բոլոր միջոցառումները կազմակերպվում են անվճար հիմունքներով և բոլոր միջոցառումների մուտքը ազատ է:

Հայերեն

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով