ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «20-ամյա վերելք» խորագրով ցուցահանդես և համերգ՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը:
Միջոցառումը աղոթքով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի հոգևորական Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն հայ նշանավոր գեղանկարիչներ և քանդակագործներ Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի և Սամվել Թավադյանի աշխատանքները: Կցուցադրվեն նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությանյանի լուսանկարչական աշխատանքները:
Համերգային ծրագրում կհնչեն հատվածներ՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը հայտնություն» ձայնասկավառակից, հատվածներ «Նաղաշ» անսամբլի «Կարոտի երգեր» շարքից (խոսք՝ Մկրտիչ Նաղաշի, երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի): Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյան) և «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր) կկատարեն հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններ:
Մենակատարներ՝ Քնար Հարթունյան, Նովա Հարթունյան, Լուսին Վանես, Սմբատ Խալաթյան, Հարություն Մուրադյան:
Համերգային ծրագրի ավարտին կհնչի Սմբատ Խալաթյանի՝ «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին:
«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:
Իր 20-ամյա գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կազմակերպել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր: Լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցել է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև՝ դեսպանատների հետ:
«Նարեկացի» արվեստի միության 20-ամյակի առիթով նախատեսվում է «20-ամյա վերելք» խորագրով հոբելյանական համերգ՝ հրավիրված երաժիշտների և ՆԱՄ խմբերի մասնակցությամբ, ինչպես նաև բացառիկ ցուցահանդես, որի շրջանակում ՆԱՄ մասնավոր հավաքածուից կցուցադրվեն Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի և այլոց աշխատանքները:
«Նարեկացի» արվեստի միությունը հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում Նարեկ Հարությանյանի կողմից, իր ավագ եղբոր` Սարո Հարությանյանի, Հարկո Ինսենթիվզ ընկերության (www.harcoweb.com) և իրենց լուսահոգի հոր` Կարապետ Հարությանյանի հիմնական աջակցությամբ:
2004 թվականին միությունն իր դռներն է բացել Երևանում:
ՆԱՄ Երևանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը և միության նկարչության դասարանը:
ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:
2006թ.-ին ՆԱՄ-ը հիմնել է իր մասնաճյուղը Շուշիում:
ՆԱՄ-ում բոլոր միջոցառումները կազմակերպվում են անվճար հիմունքներով և բոլոր միջոցառումների մուտքը ազատ է: