Վանաձորում անցկացվել է Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու Մարզի Վանաձոր քաղաքում օգոստոսի 29-ին անցկացվել է Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել են 14 անհատական լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Լոռու մարզի մեկ ընտանիքի մասին, որն ապրում է անորոշության մեջ՝ սպասելով իր հարազատի վերադարձին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի կազմակերպած ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել և ելույթ են ունեցել ինչպես կառույցի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ անհետ կորածների ընտանիքի անդամներ։  

Միջոցառման սկզբում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակն իր ելույթի ընթացքում ջերմորեն ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ, որը հիշատակվում է ամբողջ աշխարհում օգոստոսի 30-ին։  

Յարմակը նշեց, որ այս օրը բոլորիս հիշեցնում է կորստի և բացակայության ցավը, հիշեցնում է, որ մարդկային տառապանքը շարունակվում է անգամ զենքերը մի կողմ նետելուց երկար ժամանակ հետո, սակայն տանջանքի և անորոշության մեջ ապրող ընտանիքների համար, որոնց հարազատն անհետացել է, Անհայտ կորածի օրն ամեն օր է։ 

Նրա բնորոշմամբ՝ ընտանիքի հոր ամենօրյա բացակայությունը, ամուսնու անհայտ ճակատագիրը, որդու դատարկ աթոռը բարձրացնում են նույն հարցը՝ որտե՞ղ է իմ հարազատը, նա ո՞ղջ է, թե՞ ոչ։ 

«Ցավոք սրտի, այս հարցերը կարող են մնալ անպատասխան, երբեմն շատ երկար ժամանակ։ 

Հարգելի հյուրեր, սիրելի ընտանիքներ, անհետ կորածների ընտանիքներն ունեն կենսական կարիք՝ իմանալու, թե ի՞նչ է պատահել իրենց հարազատների հետ։ Մինչ պատասխաններ ստանալը, նրանց սրտի ու կյանքի մի մասը մնում է սառած», - նկատեց Վալերի Յարմակը։ 

Նա շեշտեց, որ անհետ կորածների ընտանիքներն իմանալու և իրազեկված լինելու իրավունք ունեն, և այդ իրավունքը մնում է մարդկային արժանապատվությանը հատուկ։ Նրա խոսքով՝ իրազեկված լինելու իրավունքն ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական իրավունքով, որը հակամարտող կողմերին պարտավորեցնում է փնտրել անհետ կորածներին և պարզել վերջիններիս ճակատագրերը։

«Անհետ կորածների որոնումը բարդ, զգայուն և երբեմն երկարատև գործընթաց է, բայց որոնումների դժվարություններն անհամեմատելի են վշտի և սպասումի հետ, որին ամեն օր դիմանում են անհետ կորածների ընտանիքները։

Այսօրվա ցուցահանդեսի ցուցանմուշներին կտեսնեք 14 անհատական և հզոր լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում է Լոռու մարզի մեկ ընտանիքի մասին, որն ապրում է անհայտության մեջ։ Սրանք այն ընտանքիների պատմություններն են, որոնք օր օրի, ամիս առ ամիս տալիս են նույն հարցերը՝ որտե՞ղ է իմ բարեկամը, ի՞նչ է պատահել նրան», - ասաց Յարմակը՝ հավելելով, որ ցուցահանդեսի ընթացքում ներկաները կարող են ծանոթանալ այդ 14 ընտանքիների պատմություններին և զրուցել նրանց հետ։ 

Եզրափակելով իր ելույթը՝ Յարմակը նշեց, որ միջոցառման նպատակներից մեկն է հասարակության լայն շերտերի շրջանում, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հասարակ մարդկանց իրազեկվածության ընդլայնումը։  

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ նաև Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը՝ նշելով, որ համայնքի հասարակությունը կիսում է անհետ կորածների ընտանիքների ցավը, և համայնքը կանգնած է նրանց կողքին։  

«Թող Աստված ձեզ ուժ և համբերություն տա», - ասաց փոխքաղաքապետը։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև անհետ կորածների՝ տարբեր մարզերից ժամանած ընտանիքի անդամներն ու մայրերը՝ հույս հայտնելով, որ իրենց կորած զավակների ճակատագիրը մշտապես կմնա ուշադրության կենտրոնում և վերջապես կստանա իր տրամաբանական հանգուցալուծումը։

Դավիթ Մամյան 

Հայերեն Русский 简体中文

Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ Հունգարիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից

ԶՊՄԿ-ն անդրադարձել է շրջանառվող լուրերին իր որոշ աշխատակիցների գործադուլի մասին

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

Հայաստանի կինոյի հիմնադրամն առանձին տաղավարով կմասնակցի Բեռլինալեի կինոշուկային

Պատանի հայ երաժիշտները հանդես կգան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգին

Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվությունը Լեհաստանին դրդել է օդ բարձրացնել մարտական ավիացիան

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի երկու պատանդների հանձնումը Կարմիր Խաչին

ԱԱԾ-ն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ՝ Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ

ՊԵԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությունը