Որոշվել են Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների օրերը
2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում օգոստոսի 29-ին գումարվել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների շրջանակներում ստեղծված Համակարգող հանձնախմբի հերթական նիստը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ տակավին նախորդ տարվանից ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Համակարգող հանձնախմբի շրջանակներում գործում են 5 ենթահանձնախմբեր` Արարողակարգային, Ծիսական, Տեղեկատվական, Տեխնիկական ապահովման, Հրատարակությունների և միջոցառումների կազմակերպման, որոնք նախապես կազմված գործողությունների ծրագրով իրականացնում են սեպտեմբերյան միջոցառումների համապատասխան կազմակերպչական աշխատանքները:
Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.
1. Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում։
2. Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր Տաճարի վերաօծման արարողություն:
Նշվում է, որ հիմնական միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն թե՛ տեղական և թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից: Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով։