Մերձավոր Արևելք

Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա, որպեսզի շարունակի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է JNS պարբերականը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը։

Պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում Իսրայելի պաշտպանության բանակի, Մոսադի և Իսրայելի անվտանգության գործակալության պաշտոնյաները, Կահիրեում բանակցություններից վերադարձել է օգոստոսի 27-ին։

Կահիրեում բարձր մակարդակով բանակցություններն ավարտվել էին օգոստոսի 25-ին՝ առանց շոշափելի արդյունքների։

Ըստ Իսրայելական Channel 12 լրատվամիջոցի՝ օգոստոսի 28-ին Իսրայելի պատվիրակությունը Դոհայում կհանդիպի Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, որոնք շարունակում են բանակցությունները և աշխատում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ, որպեսզի հասնեն Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության։ 

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 534-ի, վիրավորվել է ավելի քան 93 700 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում