Կրթություն

Երևանում մեկնարկել է արաբագիտության միջազգային գիտաժողովը, որը համագործակցության ու հետազոտությունների նոր հեռանկարներ է բացում

7 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է արաբագիտության միջազգային գիտաժողովը, որը համագործակցության ու հետազոտությունների նոր հեռանկարներ է բացում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ հետազոտողներ, դասախոսներ, գիտնականներ։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ արաբագիտության ոլորտում երկար ժամանակ նման տարողունակ գիտաժողով չի անցկացվել, հետևաբար թեմաները բավականին լայնածավալ են։

«Շատ կարևոր է, որ հաշվի է առնվել նաև դիսցիպլինարության սկզբունքը, որովհետև քննարկվելու են ոչ միայն մուսուլմանական, մասնավորապես արաբական աշխարհին, այլև հարակից տարածաշրջաններին առնչվող իրողություններ և խնդիրներ։ Համոզված եմ, որ գիտաժողովի ընթացքում կհնչեն բավականին հետաքրքիր գաղափարներ, որոնք հետագայում կփորձենք տարբեր ձևերով արձանագրել ու արձագանքել դրանց։ Հայաստանի կողմից արաբական աշխարհի կարևորության մասին ես չէ, որ պետք է խոսեմ, որովհետև մեզ կապում են հարյուրավոր տարիների պատմություն և մշակույթ։ Այդ կապերն ավելի ուժեղացան Հայոց ցեղասպանությունից հետո, քանի որ արհավիրքից փրկված հազարավոր հայեր իրենց տունը գտան արաբական երկրներում։ ԵՊՀ-ն այսօր առաջամարտիկն է արաբական երկրների մշակույթի, լեզվի զարգացման ու պահպանության իմաստով։ Բազմաթիվ ուսանողներ յուրաքանչյուր տարի գնում են տարբեր արաբական երկրներ՝ տեղում ուսումնասիրելու լեզուն, մշակույթը, կրոնը, և հետ գալով նպաստում են ոլորտի զարգացմանը։ ԵՊՀ-ն պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի առավելագույն չափով համագործակցություն ծավալվի մեր ֆակուլտետի և տարբեր երկրների գործընկերների միջև»,- ասաց ռեկտորը։   

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում նշեց՝ խորհրդանշական և ուրախալի է այն հանգամանք, որ նման մասշտաբի ու գիտականության բարձր մակարդակ ունեցող գիտաժողովը կայանում է սեպտեմբերի 1-ին ընդառաջ, որը փաստում է, որ կրթությունը միանշանակ հենված է գիտության վրա, և գիտության ձեռքբերումներն են, որ դառնալու են նաև կրթական հանրամատչելի պրոդուկտներ։ 

«Այս գիտաժողովի արդյունքները տեղ են գտնելու մեր կրթական համակարգում, արաբագիտական տարբեր առարկաների դասավանդման շրջանակներում։ Մեծ սիրով ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Շատ կարևոր է այս գիտաժողովի խորագիրը։ Ներկայում, երբ աշխարհում և Հայաստանում շատ տարածված են, այսպես կոչված, մոդայիկ ուղղությունները, երբ գիտնականներն ուզում են շատ արագ ճանաչում ձեռք բերել, դասական ուղղությունները, օրինակ՝ միջնադարը, կարծես մի փոքր մղվում են հետին պլան, հետևաբար այս գիտաժողովը կենտրոնացած է հենց դասական ուղղության վրա, այսպես ասած՝ իրական գիտության վրա, ինչը շատ ուրախալի է։ Գիտությունը ստեղծում է որոշակի օազիսներ, և դժվար պայմաններում նման օազիսները պետք են մարդկանց ու շատ կարևոր են։ Գիտնականները Երևանում այս օրերին ստեղծում են նման օազիս, որը ծաղկելու և բարգավաճելու է ԵՊՀ-ի պատերի ներքո»,- ասաց Մելքոնյանը։   

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները միասին ուսումնասիրելու և քննարկելու են այն բազմաթիվ և բազմաշերտ մոտեցումները, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ուսումնասիրություններին:

«Մեր քննարկումները կենտրոնանալու են այն հիմնարար և մեթոդաբանական հասկացությունների վրա, որոնք նոր լույս են սփռում արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրության վրա: Մեր նպատակն է ուսումնասիրել դինամիկ պատմական գործընթացները, որոնք կօգնեն բացահայտել մուսուլմանների և ոչ մուսուլմանների, ինչպես նաև մուսուլմանական համայնքների փոխհարաբերությունների բազմակողմանիությունը: Մենք կարևոր ենք համարում հասկանալ խալիֆայական և կայսերական պատմությունների բազմակենտրոն բնույթը, դրանց էթնոլեզվական և կրոնական բազմազանությունը, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք առաջացնում է վաղ իսլամական աղբյուրների և դրանց փոխանցման ուսումնասիրությունը»,- մանրամասնեց Քոչարյանը։ 

Նրա խոսքով՝ գիտաժողովը նպատակ ունի ոչ միայն ուսումնասիրել իսլամի պատմությունը, այլ նաև վերանայել վաղ արդիական շրջանի փոխհարաբերությունները՝ ներառելով գիտելիքի, առևտրային և մշակութային արտադրանքի փոխանակումը և տարածաշրջանի սոցիալական ու քաղաքային զարգացման հարցերը:

«Մենք կքննարկենք այն կարևոր ներդրումը, որ արաբներն ու մուսուլմանները, ինչպես նաև հայերն ունեցել են տարածաշրջանի զարգացման գործում, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի խորապես հասկանալ իսլամական և իսլամական ազդեցություն կրող աշխարհների ձևավորման գործընթացները: Այս հարթակում խոսելու ենք կրոնի և վարքուկանոնի փոխհարաբերությունների, ուսումնասիրության նոր մոտեցումների և թվային հումանիտար գիտությունների ազդեցության մասին: Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք լավագույնս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ հարստացնելու մեր գիտելիքները արաբագիտության և իսլամագիտության ոլորտներում: Արաբագիտության և իսլամագիտության հեռանկարների վերաբերյալ կլոր սեղան քննարկմամբ էլ կամբողջացնենք մեր գիտաժողովը»,- ասաց ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչը։

Քոչարյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կարևոր ներդրում կունենա մեր գիտական համայնքում՝ ստեղծելով նոր հետազոտական կապեր ու խթանելով գիտական համագործակցությունները:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում