Մշակույթ

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները տեղի կունենան «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո

2 րոպեի ընթերցում

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները տեղի կունենան «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները 2024թ․ կանցկացվեն սեպտեմբերի 14-15-ը՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո:  Միջոցառումներին այս տարի ևս միացել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:

Հայաստանում միջոցառման պաշտոնական բացումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի Վայն» գինեգործարանից։

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

«Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին: 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում