Երևան

Երևանում շինթույլտվությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. քաղաքապետարանից պարզաբանել են պատճառները

5 րոպեի ընթերցում

Երևանում շինթույլտվությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. քաղաքապետարանից պարզաբանել են պատճառները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա առաջին երկու եռամսյակներում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է շինարարության 52 թույլտվություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65-ի փոխարեն։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ալիկ Վարդազարյանը։ 

Շինարարական թույլտվությունների և դիմումների ցուցանիշների նվազումը Վարդազարյանը պայմանավորեց  նախորդած ժամանակահատվածում Երևանի  նոր գլխավոր հատակագծի մշակման փուլում գտնվելով։   

«Ներկա դրությամբ Երևանի նոր գլխավոր հատակագիծն արդեն պետական համալիր փորձաքննություն է անցնում։ Հուսով ենք, որ սեպտեմբերին արդեն գլխավոր հատակագիծը կհաստատվի, և դրա հետ մեկտեղ նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումն էլ ավելի մեծ տեմպերով կաճի»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նախագծման և շինթույլտվությունների մեծ մասը բնակելի կառուցապատման համար է, մասնավորապես՝ բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքի կամ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների։ 

Անցած տարվա առաջին երկու եռամսյակներում տրամադրվել է շինթույլտվություն ընդհանուր առմամբ  650 հազար քառակուսի մետր բնակելի մակերեսով շենքերի կառուցման համար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 400 հազար քառակուսի մետր բնակելի մակերեսով շենքերի կառուցման համար։ 

Պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ 2024 թվականի առաջին երկու եռամսյակներում նախագծման թույլտվությունները կազմել են 79-ը՝ անցած տարվա 77-ի փոխարեն։ 

Անդրադառնալով նախագծման և շինարարության թույլտվություն  ստանալու կամ դրանց համար դիմումների մերժման գործընթացի առանձնահատկություններին՝  Վարդազարյանը պարզաբանեց, որ  բազմահարկ բնակելի շենք կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան նախագծման թույլտվության տրամադրման համար՝ կցելով նաև էսքիզային նախագիծ։ Այն քննարկում է քաղաքապետի որոշմամբ ստեղծված  ճարտարապետի խորհրդի կողմից։ Քվեարկության արդյունքում, եթե ներկայացված էսքիզային նախագծի կոնցեպտն ընդունելի է համարվում, ապա տրամադրվում է նախագծման թույլտվություն։

Նախագծման  թույլտվությունը պետք է համապատասխանեցվի ոչ միայն նախատեսված մի շարք չափորոշիչներին, սահմանափակումներին և պահանջներին, այլ նաև համապատասխան փորձաքննությունների ենթարկվի, որոնցից են պարզ փորձաքննությունը լիցենզավորված կազմակերպության կողմից, տեսչական մարմնի կողմից հակահրդեհային նորմերի վերաբերյալ եզրակացությունը, քաղաքապետարանի հետ միջանկյալ համաձայնեցումը, Քաղաքաշինության կոմիտեի կողմից պետական համալիր փորձաքննությունը։ 

Դրական եզրակացությունների պարագայում, որի շրջանակներում ստուգվում են բոլոր նորմատիվ պայմանները, օրենքներին համապատասխանությունը, նախագիծը ներկայացվում է Երևանի քաղաքապետարան շինթույլտվության տրամադրման համար։

Ըստ Վարդազարյանի՝ նախագծման թույլտվության հայտերի մերժման ցուցանիշները հիմնականում կրկնակի կամ եռակի գերազանցում են  դրական ընթացք տրված գործերին։

Մերժման պատճառներից են առաջին հերթին համապատասխան հողամասի մակերեսը, տեղադիրքը։ 

«Այսինքն, ըստ գլխավոր հատակագծի, մեր ունեցած քարտեզի մարտավարության այնտեղ լրիվ այլ բան է նախատեսված, որ հետագայում պետք է լինի։ Մյուս խնդիրը՝ հարակից կառուցապատումներն են․ շատ տեղեր կան, որոնք փաստացի անհատական բնակելի տներով կառուցված գոտիներ են, բայց հանկարծ բնակելի տան համար նախատեսված հողամասում 12 կամ ավելի բարձր հարկայնությամբ շենքի կառուցման հայեցակարգ են ներկայացնում»,-մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ նախագծման թույլտվության համար խոչընդոտ կարող է հանդիսանալ նաև տեխնիկական պայմանների տրամադրման հարցը, քանի որ հարցումներով պարզվում է, որ նախատեսվող հողամասում անհրաժեշտ ծավալի ջուր, հոսանք, գազ հնարավոր չէ մատակարարել։

Վան Նովիկով

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում