Հայաստան

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

4 րոպեի ընթերցում

25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զարմանալի է, բայց փաստ, որ Ալավերդու բնակիչ 47-ամյա Գայանե Ասատրյանը 25 տարվա անպտղությունից հետո իր հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերությունից րոպեներ առաջ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տիկին Գայանեն ասաց, որ սկզբում հղիության մասին ընդհանրապես չի մտածել, որովայնի ցավերի պատճառով եկել է մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոց, որտեղ իրեն հայտնել են ուրախալի լուրն ու երկու ժամ անց կեսարյան հատմամբ հուլիսի 26-ին ծնվել է աղջիկը, որին անվանակոչել են Լուսե։

«Վիրահատությունն անցել է առանց բարդությունների։ 25 տարի սպասել ենք այս երջանիկ պահին։ Ես և ամուսինս նախկինում մի քանի անգամ դիմել էինք բժիշկներին։ Նրանք մեզ հուսադրում էին, և ի վերջո այս հրաշքը տեղի ունեցավ։ Երեխային անվանակոչեցինք Լուսե, որովհետև նա իսկապես լույս բերեց մեր ընտանիք։ Նա այժմ նորմալ կերակրվում է, հանգիստ քնում է, միշտ գտնվել է բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր արդեն կմեկնենք տուն»,- ասաց ծննդկանը։

Երեխայի հայրը՝ Սենիկ Կիրակոսյանը, նշեց, որ իր կյանքի ամենաերջանիկ ակնթարթը տեղի ունեցավ մեկ ամիս առաջ հիվանդանոցում, երբ կնոջ ծննդաբերությունից առաջ ստուգման ժամանակ սարքի միջոցով լսեց երեխայի սրտի բաբախումների ձայնը։ 

«Հայաստանում սրբատեղի չմնաց, որ չգնայինք, ես երբեք հուսախաբ չեմ եղել, և աղջկաս ծնունդն այժմ համարում եմ Աստծո պարգև»,- ասաց երեխայի հայրը, ով ծնողական քնքշանքով և հոգատարությամբ էր վերաբերվում կնոջն ու նորածնին։ 

Մուրացան հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման արտառոց պատմությամբ ծնված երեխային միշտ հիշելու են, որովհետև պրակտիկայում դա իսկապես հազվադեպ հանդիպող երևույթ է։ 

«Լուսեն իր ընտանիքի և բուժաշխատողների համար մեծ հրաշք է։ Ծննդատնից դուրս գրվելուց հետո երեխային տարել էին Ալավերդի, սակայն նրա մոտ սկսվել էին առատ փսխումներ, նկատվել էր քաշի լուրջ կորուստ։ Դա դրսևորվեց ստամոքսի բնածին զարգացման արատի տեսքով, որը բարեբախտաբար ենթարկվում է արդյունավետ կորեկցիայի։ Մեզ մոտ վիրահատական միջամտությունից հետո նորածնի առողջությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Տվյալ դեպքում ախտորոշումն իրականացվեց շատ արագ։ Մեր բուժաշխատողներն ունեն նման վիրահատությունների մեծ փորձ։ Վերջին շրջանում կլինիկայում գրանցվել է լուրջ առաջընթաց հատկապես երեխաների ծանր բնածին, այդ թվում նաև զուգակցված արատների վիրահատական բուժման ասպարեզում»,- ասաց Դալլաքյանն ու կլինիկայի կողմից երեխայի մորը հանձնեց նվերներ։ 

Դալլաքյանը տեղեկացրեց, որ երեխան առանց բարդությունների անցել է հետվիրահատական շրջանը։ Նա նույնիսկ համեմատություն արեց՝ նշելով, որ այս պատմությունն իրոք նման է հեքիաթի, և տվյալ ընտանիքին, ասես, արագիլն է երեխա բերել։   

«Սա մեծ ուրախություն է ոչ միայն տվյալ ընտանիքի, այլև բոլորի համար, որովհետև նման բարի լուրեր, ցավոք սրտի, քիչ ենք լսում, հետևաբար լավ ազդակը բոլորին հույս է ներշնչում։ Նման երեխաները նույնիսկ ավելի արագ են աճում։ Ծնվելու պահին Լուսեի քաշը եղել է 2800 գրամ, հասակը՝ 45 սանտիմետր։ Հիմա նա ծնողների հետ կարող է դուրս գրվել ու վերադառնալ տուն»,- ասաց վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավարը։

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում