Կրթություն

Ուսումնական տարվա մեկնարկը` նոր կառուցված ու կահավորված հաստատություններում. Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է մանրամասներ

4 րոպեի ընթերցում

Ուսումնական տարվա մեկնարկը` նոր կառուցված ու կահավորված հաստատություններում. Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 1-ին,  հանրապետությունում 6 նոր դպրոց, 2 մանկապարտեզ և 12 մարզադահլիճներ կբացեն իրենց դռները: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, նշելով, որ նոր շահագործվող ուսումնական հաստատությունները գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում: 

«Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Տավուշի և Արարատի մարզերում երեխաները նոր ուսումնական տարին կսկսեն ամբողջությամբ նոր կառուցված դպրոցներում: Շուտով կունենանք երկու մանկապարտեզի շինարարության և կահավորման ավարտ՝ մեկը Արմավիրի, մյուսը՝ Արարատի մարզում, որոնք սեպտեմբերի 1-ից պատրաստ կլինեն ընդունելու փոքրիկներին: Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինեն 12 մարզադահլիճներ»,-ասաց Վարդանյանը

Թվարկված բոլոր դպրոցները, ըստ Կոմիտեի նախագահի, կառուցվել են զրոյից, տիպային նախագծման, տեղակապման միջոցով: Դրանք տարբեր մեծությունների են և նախատեսված են տարբեր քանակի երեխաներ ընդունելու համար: Մանկապարտեզները նույնպես կառուցվել են մոդուլային տիպի՝ 144 երեխայի համար նախատեսված: Մարզադահլիճներից երկուսը վերակառուցվել է, իսկ 10-ը՝ ամբողջությամբ զրոյից կառուցվել:

Վարդանյանի խոսքով՝ Քաղաքաշինության կոմիտեում մշակել են շինարարական ծրագրերի ավտոմատացված համակարգ, որի հետ համատեղելով նաև այցելությունները՝ կարողանում են  գրեթե ամենօրյա հսկողություն  իրականացնել բոլոր օբյեկտներում: 

«Ստանում ենք տվյալներ, վերլուծում ենք դրանք, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրների կան: Խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. մի մասը, կարող եմ ասել, նախագծերում որոշակի բացթողումներն են, մյուս մասը՝ շինարարության տեխնոլոգիայի հետ կապված որոշակի բացթողումները: Իմ բարձրաձայնած խնդիրները վերաբերվում են հարդարման աշխատանքներին և  կոսմետիկ բնույթի թերություններին, որոնք տեղում շտկվում են: Պետք է նկատի ունենալ, որ հանձնվող օբյեկտները մեկ տարի գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ: Շինարարը պարտավոր է մեկ տարվա մեջ ի հայտ եկած բոլոր տիպի թերությունները իր միջոցներով շտկել»,- նշեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Ըստ նրա՝ մինչև սեպտեմբերի 1-ը ավարտվող օբյեկտների շինարարական աշխատանքների համար այս տարի ծախսվել է  շուրջ 8,5 միլիարդ դրամ: 

«Ժամանակացույցով պլանավորում ենք մինչև 2024 թվականի վերջ շահագործման հանձնել ևս 5 դպրոց, 7 մանկապարտեզ և 4 մարզադահլիճ: Այս կառույցների ժամկետները ֆիքսված են և շահագործման կհանձնվեն դեկտեմբերին: Շինարարների հետ պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել, որպեսզի հաջորդ տարի հանձնվող օբյեկտները ավելի արագ տեմպերով կառուցենք և մինչև տարվա վերջ կարողանանք հանձնել շահագործման»,- եզրափակեց Վարդանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ծրագրի մասով ԿԳՄՍ նախարարության իրավասության դաշտում  գույքի կարիքների գնահատումն է, քանի որ նախարարությունը որդեգրել է մոտեցում, ըստ որի՝ նոր հաստատություններում գույքը և ենթակառուցվածքները ամբողջությամբ պետք է նոր ու թարմացված լինեն:

«Ինչպես նաև կառուցվող, հիմնանորոգվող շենքերը ընդունելու հանձնաժողովներում պարտադիր ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, որպեսզի մենք վստահ լինենք, որ նաև շինարարության որակի առումով ամեն ինչ բավարար է»,- նշեց  Թամարա Սարգսյանը:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում