Հայաստան

Ամփոփվել են ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքները. տարածքում կգործեն ցուցասրահ, արվեստանոց, սրճարաններ

2 րոպեի ընթերցում

Ամփոփվել են ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքները. տարածքում կգործեն ցուցասրահ, արվեստանոց, սրճարաններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի՝ ԱՕԿՍ-ի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են՝ հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։

Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։

Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային և հայկական արվեստի լավագույն նմուշները։

Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։

Մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարը և իրականացվելիք ներդրումների չափը։

Տարածքի վարձակալության մեկնարկային արժեքը 15,450,000 դրամ էր։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում