Հայաստան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մանկական բաժանմունքը վերազինվել ու նոր ծառայություններ է մատուցում

5 րոպեի ընթերցում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մանկական բաժանմունքը վերազինվել ու նոր ծառայություններ է մատուցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքուր և վերանորոգված պայմաններ,  24-ժամյա հերթապահություն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնագետների առաջնային նպատակն ընդունվող յուրաքանչյուր երեխային առողջ ու ժպիտը դեմքին տուն ճանապարհելն է:

9 ամսական Վարդանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է ընդունվել մի քանի օր առաջ՝ հիվանդության երրորդ օրը՝ ջերմության, հազի, ախորժակի բացակայության ախտանշաններով:  

Բժշկական կենտրոնի մանկաբույժ Գայանե Դանիելյանն ուրախությամբ նշեց՝ հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ շեղումներ չեն գրանցվել:

«Ընդունվելու ժամանակ անհանգստացնող էր այն, որ 9 ամսական երեխան մոտ երեք օր  ունեցել է բարձր ջերմություն: Ռենտգեն հետազոտության արդյունքում նրա մոտ թոքաբորբը բացառվել է, ականջներում որևէ խնդիր չկար, ամենայն հավանականությամբ՝ ատամների դուրս գալու շրջանում երեխան վիրուսային վարակ է վերցրել: Մեզ մոտ գտնվելու ընթացքում նա ջերմել է մեկ անգամ: Այժմ, ըստ անհրաժեշտության, ստանում է իր բուժումը, կայուն դրական դինամիկայի դեպքում երեխային դուրս կգրենք»,- նշեց Գայանե Դանիելյանը:

Վարդանի բուժմամբ զբաղվող մանկաբույժը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց՝ շատ մեծ պատասխանատվությամբ ու սիրով են աշխատում երեխաների հետ:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքը գործում է 2005 թվականից, իսկ վերջերս իրականցված վերանորոգումը, պատերի գունավոր նկարազարդումները երեխաների համար մթնոլորտն ավելի դրական ու ջերմ են դարձնում: 24-ժամյա հերթապահություն ունեցող բաժանմունքը մատուցում է մանկաբուժական գրեթե բոլոր ծառայությունները, պատրաստ է ընդունել երեխաների, որոնք ունեն անհետաձգելի բուժման կարիք:

«Մեզ մոտ ընդունում և բուժում ենք մեկ ամսականից մինչև 18 տարեկան երեխաներին: Ընդունում ենք  մեզ դիմած մանկաբուժական գրեթե բոլոր խնդիրներով երեխաներին՝ սկսած ստամոքսաղիքային, շնչառական, միզուղիների և այլն: Երբ մեզ մոտ ախտորոշում ենք հիվանդություններ, որոնց դեպքում կարիք կա այլ մասնագետի միջամտության, ուղղորդում ենք համապատասխան աշխատանքային խումբ, ովքեր արդեն նեղ մասնագիտական շրջանակում շարունակում են երեխաների բուժումը»,- մանրամասնեց բաժնի վարիչը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանը նշեց՝ իրենց համար առաջնային է նախևառաջ հասկանալ, թե ինչ է հարկավոր հիվանդին:

«Ամենակարևոր հարցը այստեղ այն է, թե երեխային ի՞նչ է անհրաժեշտ՝ առաջին օգնության, բուժման և հետազոտությունների ծավալի տեսակետից: Իհարկե, կարևոր է նաև մոտեցումը: Շաբաթվա բոլոր օրերին մենք մշտապես ունենք հերթապահ բժիշկ, բացի դա կա ամենօրյա աշխատող բժշկական անձնակազմ: Կարող եմ վստահեցնել՝ մասնագիտական կադրերով լիովին ապահովված ենք: Ունենք նաև մանկական նյարդաբան, սրտաբան, իրականացնում ենք մանկական սոնոգրաֆիա՝ նոր  ապարատով, մանկական վերականգնողական  ծառայություն, ինչպես նաև՝ լոգոպեդ-հոգեբանի ծառայություն»,- մանրամասնեց նա:

Բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվում բաժնի մաքրությանը, անձնակազմի զարգացմանը, ինչն իրականացվում է պարբերական վերապատրաստումների և տարբեր ծրագրերի միջոցով:

«Վերջին գործառույթը, որ բաժանմունքում նախորդ տարիներին չենք ունեցել, բայց արդեն ներդրվել է՝ սրտաբանությունն է, ունենք մանկական հրաշալի սրտաբան, իրականացնում ենք  էխոսրտագրություն և սոնոգրաֆիա: Բացի դա, նորություն է նաև  վերազինված մանկական վերականգնողական ծառայությունը: Մեծ ուրախությամբ բաժանմունքում կընդգրկեինք նեղ մանկաբուժական մասնագետների՝ մանկական ռևմատոլոգ և գաստրոէնտերոլոգ, այժմ մտածում ենք այդ ուղղությամբ»,- շեշտեց Անուշ Հակոբյանը:

Բաժանմունքն այս տարիների ընթացում մշտապես փորձել է բարելավել պայմանները, թարմացնել և վերազինել գործիքակազմը և լինել մանկաբուժության ոլորտում լավագույնը:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում