ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրությունը, որը համալրվել է թվայնացված բովանդակությամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ազդարարելով ցուցադրության վերաբացման մասին, նշեց, որ այն իրականություն է դարձել քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի հետ համագործակցության արդյունքում։
«Տեղադրվել են մեծ էկրաններ, որոնք թույլ են տալիս թվային տարբերակներով առավել գրավիչ կերպով և նաև հետագայում ավելի շատ բովանդակություն ներկայացնելու մեր այցելուներին»,- նշեց Պողոսյանը՝ մանրամասնելով, որ, ի տարբերություն նախկինի, որը երկու տասնյակից ավելի քարտեզների շարք էր ներկայացնում, վերաբացված ցուցադրության մակերեսը որոշակիորեն փոքրացել է ավելի գրավիչ ու գունային լուծումներով թվայնացված նյութերի շնորհիվ։ Նոր տեխնոլոգիայի կիրառումը, ըստ թանգարանի տնօրենի, մարդկանց հնարավորություն կընձեռի ավելի լավ պատկերացում կազմել քարտեզների մասին և ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել։
Ցուցադրությունում ներկայացված են պատմական քարտեզներ, որոնցում հիշատակված է Հայաստանը: Ներկայացված են նաև տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվային լուսապատճեններ: Դրանցից ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք.ա. 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:
Ցուցադրության բացմանը Ռուբեն Գալչյանը «Քարտեզը և պատմությունը» բանախոսությամբ ներկայացրեց հնագույն ժամանակներից մինչև խորհրդային ժամանակահատվածը տպագրված քարտեզներում Հայաստանի տեղագրությանը։
«Քարտեզները ոչ միշտ է, որ ճիշտ են ներկայացվում։ Հաճախ քարտեզները կեղծվում են և ծառայում հենց քարտեզ գծողի կամ նրա կարգադրողի ինչ-որ նպատակների։ Դրա համար, առաջին հերթին, քարտեզագետը փնտրում-գտնում է, թե ուրիշներն այդ շրջանն ինչպես են պատկերացրել, գծել»,- ասաց Գալչյանը՝ ընդգծելով, միայն համապատասխանության դեպքում քարտեզները կարելի է հավաստի համարել։
Գիտնականն, անդրադառնալով ադրբեջանական քարտեզագրական կեղծարարությանը, որով Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ներկայացվում է որպես իրենց պատմական տարածք, շեշտեց, որ մինչև 1918 թվականը ներկայիս Ադրբեջանը որևէ քարտեզում չի հիշատակվում որպես երկիր։ Տարբեր անվանումներով՝ Ատրպատական, Շիրվան և այլն այն ներկայացվել է որպես Պարսկաստանի խանություն։ Այնուհետև 1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության հռչակմամբ յուրացվել է Պարսկաստանի համանուն նահանգի անունը, որը, բանախոսի համոզմամբ, տարածքային հավակնությունների նկատառմամբ է արվել։
Փորձագետը հակասություններ է նկատել նաև Ադրբեջանի կողմից իր պատմական նախնիների հռչակման հարցում։ Մասնավորապես՝ ադրբեջանցի պատմաբաններն ու քարտեզագիրները իրենց տարածքային հավակնություններն ու պատմության կեղծումը հիմնավորում են մի դեպքում՝ իրենց համարելով որպես օղուզ-թուրքերի, մյուսում՝ աղվանների ժառանգորդներ, մեկ այլ դեպքում՝ թուրքեր։