Էկոնոմիկա

Հայաստանում 2024-ի առաջին վեց ամիսներին բեռնափոխադրումների ծավալի կրճատում է արձանագրվել

6 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024-ի առաջին վեց ամիսներին բեռնափոխադրումների ծավալի կրճատում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տրանսպորտով բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.8 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հունվար-հունիս ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվել է 7 մլն 439.1 հազար տոննա բեռ, որից 1 մլն 422.2 հազար տոննան` հունիսին: Ամռան առաջին ամսին բեռնափոխադրումների ծավալը՝ մայիսի համեմատ, աճել է 6 տոկոսով, սակայն 13.1 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա հունիսի ցուցանիշից:

2024 թվականի առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են ավտոտրանսպորտով ներկրման ծավալը (5.5 տոկոսով), օդային բեռնափոխադրումների (13.8) և օդային ճանապարհով արտահանված բեռների (33.8) ծավալները: Ընդ որում, ավտոմոբիլային փոխադրամիջոցներով արտահանման և ներկրման ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների տրանսպորտով միջպետական հաղորդակցության բեռնափոխադրումների ծավալները: Նմանապես, օդային ճանապարհով տեղափոխված բեռների ծավալի ընդհանուր ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացված բեռնափոխադրումները:

2024-ի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միանգամից 57.9 տոկոսով նվազել է երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը, որը կազմել է 576.7 հազար տոննա: Հունիսի ծավալը 115 հազար տոննա է, որը 38.6 տոկոսով շատ է մայիսյան ցուցանիշից, սակայն 32.8 տոկոսով քիչ է նախորդ տարվա հունիսի ծավալից:

Հունվար-հունիս ամիսներին երկաթուղային տրանսպորտով արտահանման ծավալները կրճատվել են 2.8 (կազմել է 163.6 հազար տոննա), ներկրմանը՝ 30 (302 հազար տոննա), իսկ ներհանրապետական բեռնափոխադրումներինը՝ 85.6 տոկոսով (111.1 հազար տոննա):

Հունիսին երկաթգծով արտահանվել է 19.9, ներկրվել՝ 45.9, իսկ հանրապետության ներսում փոխադրվել է 49.2 հազար տոննա բեռ: Մայիսի համեմատ արտահանումը նվազել է 24.9 տոկոսով, ներկրումն աճել է 20.5 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումներն ավելացել են 2.7 անգամ: Նախորդ տարվա հունիսի համեմատ նշված երեք կետերով ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 41.5, 40.9 և 17.2 տոկոսով:

Ավտոտրանսպորտային միջոցով բեռնափոխադրումների ծավալն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 9.6 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլն 872.2 հազար տոննա: Այս տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 2.6 տոկոս, իսկ 2023-ի հունիսի համեմատ նվազել է 11.1 տոկոսով: Այս տարվա հունիսին ավտոմեքենաներով տեղափոխվել է 1 մլն 183.5 հազար տոննա բեռ:

2024-ի առաջին կիսամյակում տրանսպորտի այս տեսակով արտահանման ծավալը 0.3 տոկոսով քիչ է եղել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 426.4 հազար տոննա: Դրանից 101.9 հազար տոննան հունիսի ցուցանիշն է: Մայիսի համեմատ գրանցվել է 49.7, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 15.3 տոկոսի աճ:

Հաշվետու ժամանակաշրջանում ներկրման ծավալներն, ինչպես նշեցինք, 5.5 տոկոսով գերազանցել է 2023-ի առաջին կիսամյակի ցուցանիշը՝ կազմելով 1 մլն 911.9 հազար տոննա, որից 351.1 հազար տոննան՝ հունիսին: Մայիսի համեմատ ծավալը նվազել է 7.5, իսկ 2023-ի հունիսի համեմատ՝ 9.9 տոկոսով:

Ներհանրապետական ճանապարհներով բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում 16.9 տոկոսով զիջել է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ կազմելով 3 մլն 533.9 հազար տոննա: Հունիսի ցուցանիշը 730.5 հազար տոննա է: Դա 3.4 տոկոսով բարձր է մայիսի տվյալից, սակայն 14.3 տոկոսով քիչ է, քան 2023-ի հունիսին:

Օդանավերով բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում 13.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 17.3 հազար տոննա, որից 2.6 հազար տոննան՝ հունիսին: Դա 3.7 տոկոսով պակաս է մայիսի ծավալից, սակայն 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Այս ճանապարհով արտահանման ծավալները 33.8 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը՝ կազմելով 10.3 հազար տոննա: Հունիսին տեղափոխվել է 1.5 հազար տոննա բեռ՝ 6.2 տոկոսով քիչ, քան մայիսին: Այնուհանդերձ, դա 36.4 տոկոսով գերազանցում է 2023-ի հունիսի ցուցանիշը:

Այս տարվա առաջին կիսամյակում օդային տրանսպորտով ներկրված բեռների ծավալը (7 հազար տոննա) 6.7 տոկոսով քիչ է եղել, քան 2023-ի նույն ժամանակահատվածում: Հունիսին ներկրվել է 1.1 հազար տոննա բեռ: Մայիսի ցուցանիշը մնացել է անփոփոխ: Նախորդ տարվա հունիսի համեմատ ծավալը կրճատվել է 21.4 տոկոսով:

Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով այս տարվա հունվար-հունիս ամիսներին բեռնափոխադրման ծավալը 8.2 տոկոսով քիչ է եղել 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 972.9 հազար տոննա, որից 121.1 հազար տոննան՝ հունիսին: Դա 18.1 տոկոսով շատ է այս տարվա մայիսի ցուցանիշից, սակայն 8.4 տոկոսով պակաս է, քան նախորդ տարվա հունիսին:     

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում